Նոր եկեղեցին կկրի հնի անունը՝ Սուրբ Հռիփսիմե
Տոլորսի հանդիպակած բարձունքից գյուղի անդորրն ու խաղաղությունը կհսկի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Գյուղի նույնանուն նախկին եկեղեցին մնացել է 1974 թ.-ին շահագործման հանձնված Տոլորսի ջրմաբարի տակ: Այն մինչ այժմ էլ կանգուն է, ժամանակ առ ժամանակ ջրի մակարդակի իջեցման հետ 1861թ.-ին կառուցված եկեղեցին երեւում է:
Նորակառույց եկեղեցու շինարարության մտահղացումը 77-ամյա Ալեքսանդր պապինն է, իրականացնում են Տիգրան եւ Վարդան որդիները: Եկեղեցու հետ ասես ջրի տակ են մնացել ծնունդով տոլորսեցի Ալեսնադր Սուքիասյանի մանկության տաք ու անմոռանալի հուշերը: «Երեխա ժամանակ էնքան գաստրոլներ ենք տվել էդ եկեղեցում, ընկերներիս հետ էդ եկեղեցու քարերի հոգին էլ էինք առնում: Հուշերը շատ են... Ամեն գյուղ գալուց եւ ջրի տակից երեւացող եկեղին տեսնելիս սիրտս մղկտում էր, չգիտեի ինչ անել: Երբեմն անզորությունից լաց էի լինում»,- նշում է Ալեքսանդր Սուքիասյանը:
10 տարի առաջ Սուքիասյանների կրտսեր որդին` Վարդանը, Մոսկվայից ծնողների մոտ` Երեւան եկավ: Տեսնելով, որ հայրը ծննդավայրի մասին գիրք է տպագրում եւ վաճառքից ստացված հասույթը հավաքում եկեղեցու շինարարության համար, փորձեց հայրիկից թաքուն իրականությույն դարձնել նրա վաղեմի երազանքը: Հետո, երբ 77-ամյա Ալեքսանդր պապին ասացին, որ եկեղեցու շինարարության առաջին քայլերն արված են, նախ հուզվեց, հետո իր մեջ ուժ գտավ եւ 3 ժամ անտրտունջ Երեւանից Տոլորս հասավ:«Թաքուն պահելու գաղափարը մեծ եղբորինս է, որովհետեւ հայրիկը մի քիչ առողջական խնդիրներ ուներ, փառք Աստծո բուժումները լավ անցան: Ամենադժվար քայլն արդն արված է: Ժողովրդին եկեղեցին, Աստծո տունը պետք է»,- ասում է Վարդանը:
Աստծո տան հիմնարկեքը կատարվեց Մայր Աթոռ սուրբ էջմիածնի լուսարարապետ գերաշնորհ տեր Հավնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ:
Ի տարբերություն նախին եկեղեցու` բազիլիկ այս եկեղեցին սպասավոր կունենա: Սկզբում նախատեսված է եղել կառուցել 25 ք/մ մակերեսով եւ 10 մ բարձրությամբ մատուռ: Այնուհետեւ նախագծում տեղ են գտել փոփոխություններ: Շինության ընդհանուր մակերեսը 90 ք/մ կլին, կից զանգակատնով: Տարածքը կբարեկարգվի, կկառուցվի 30 հոգու համար նախատեսված մատաղատեղի: «Ուրախ ենք, որ մեր ժողովուրդը չի մոռանում իր հավատքը դեպի Աստված, մոտենում է Աստծուն: Ուրախ կլինենք, որ Հայաստանում որեւիցե փլված մատուռ, վանք, եկեղեցի չլինի»- նշում է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը:
Եկեղեցին կկառուցեն սիսիանցի երիտասարդ քարտաշ-վարպետները, աշխատուժը հենց Տոլորսից կլինի: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ավարտուն տեսքի կբերվի մինչեւ տարեւերջ:
Արմեն Հովակիմյան
Սիսիան