Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ համալսարանում հայերեն կսովորեն

Հասարակություն
cd3573763132bd460d10179273087a11

Հունիսի 27-ին Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտում տեղի է ունեցել հանդիպում-շնորհանդես՝ նվիրված 2012/13 ուստարվա համար հաստատված հայոց լեզվի՝ որպես արևելյան առաջին լեզվի, հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրմանն ուղղված կրթական ծրագրին:

Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Մ.Մեյերը, Մոսկվայի համայնքային կառույցների ու հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկաներին ուղղված իր խոսքում նշել է, որ Մոսկվայի պետական համալսարանում հայոց լեզվի ուսուցանումը ազգերի միջև շփումների ապահովման կարևորագույն միջոցն է։
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հավելել է նաեւ, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը պատրաստակամ է համակողմանի աջակցություն տրամադրել Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտին՝ ծրագրի իրականացման ընթացքում:

Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Մ.Մեյերի խոսքով հայոց լեզվի ուսումնասիրությունը բուհում առաջնահերթ խնդիր է՝ ելնելով հայոց պատմության և հայկական մշակույթի հարուստ ժառանգության ուսումնասիրության անհրաժեշտությունից: Ըստ պրն. Մեյերի՝ կրթական ուղղության հաստատման նպատակներից մեկն էլ ռուսաստանյան հասարակության շրջանում Հայաստանի և երկրի պատմության ու մշակույթի մասին գիտելիքների տարածման ապահովումն է:

Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենը վստահություն է հայտնել, որ այսօր անհրաժեշտ է պատրաստել ռուսաստանցի մասնագետներ, որոնք կտիրապետեն աշխարհիկ հայերենին ու գրաբարին և կզբաղվեն հայագիտությամբ: