Ի՞նչ է լինելու դատավորների հետ
Այսօր մինչ կառավարության հերթական նիստի մեկնարկը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մասնակցում էր Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթահանձնաժողովի 3-րդ նիստին:
Նախարարը լրագրողների հնչեցրած այն հարցին, թե ինչ է լինելու այն դատավորների հետ, որոնց կայացրած վճիռները բողոքարկվել են Եվրադատարանում ու օգուտ հայցվորի և ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռ է կայացվել, նշել է, որ հասարակությունը ցանկանում է մեղավորներ գտնել ու նրանց պատժել: Իսկ այստեղ կարևորն այն է, արդյոք դատավորը թույլ է տվել ակնհայտ ու կոպիտ խախտում, թե՞ ոչ:
«Որոշ դեպքերում, երբ մենք այսօր պարտվում ենք, 2003-2006 թ. գործեր են, որոնք նոր են հասել: Մեծ մասի պատճառը ոչ թե դատավորի սխալն է, այլ մեր օրենսդրությունն է հակասել եվրոպական չափորոշիչներին, իսկ մեր դատավորները մեծապես առաջնորդվել են ներպետական օրենսդրությամբ և դրա հիման վրա են որոշումներ կայացրել: Կան տեղեր էլ, երբ Եվրոպական կոնվենցիայի չափորոշիչներն ու դրանց մեկնաբանություններն են փոխվել այս ժամանակահատվածում, ավելի են խստացվել կամ ընդգրկուն դարձել»,-ասաց նախարարը:
Ոլորտի պատասխանատուն ավելացրեց, որ այժմ ուսումնասիրվում է, թե կոնկրետ դատավորը ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: «Բոլոր այն դեպքերում, երբ պարզ կդառնա, որ դատավորը թույլ է տվել կոպիտ և ակնհայտ խախտում, ապա դա վերջինիս համար կարգապահական պատասխանատվության հիմք է, դրանից հետո մենք կարող ենք խոսել պետության կողմից տվյալ անձին ռեգրեսիվ հայտ ներկայացնելու մասին»,-բացատրեց Թովմասյանը՝ ընդգծելով, որ ճիշտ չէ պատասխանատվության ենթարկել այն դատավորներին, որոնց կայացրած որոշումները բեկանվում են:
«Այդ դեպքում մենք ընդհանրապես դատավոր չենք ունենա, որովհետև դուք Հայաստանում չեք գտնի մի դատավոր, որի ակտը երբևէ չի բեկանվել: Այս առումով հիմքում դրվում է ակնհայտ ու կոպիտ խախտում պարունակելը»,-նշեց նախարարը, ավելացնելով, որ օրենսդրության մեջ պետք է հստակեցվի «ակնհայտ ու կոպիտ խախտում» հասկացությունը: