«Արմենտելը» հասանելի չէ
«Արմենտել» (Beeline ապրանքանիշով) բջջային օպերատորի բաժանորդներն ահանզանգում են: Առավոտից ընկերության հաճախորդները չեն կարողանում օգտվել կապից և հեռաձայնել:
Բաժանորդների խոսքերով, սպասարկման կենտրոնում հեռախոսազանգերին չեն պատասխանում.«Մենք փորձում ենք կապ հաստատել, իմանալ, թե ինչ է տեղի ունեցել, բայց մեզ ոչ ոք չի պատասխանում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ընկերության բաժանորդ Նարինե Պողոսյանը:
Հիշեցնենք, որ «Արմենտել» ընկերությունը Հայաստանում առաջին օպերատորն է, և ընկերության բաժանորդները ինչպես շարքային քաղաքացիներ են, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Բազմաթիվ ահազանգերից հետո «Արմենտել» ընկերությունը հաղորդագրություն տարածեց:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ընկերության բջջային ցանցում տեղի է ունեցել ընկերության կապալառուներից մեկի կողմից տեղադրված սարքավորման խափանում: «ԱրմենՏել» ՓԲԸ մասնագետներն աշխատում են անսարքությունների վերացման ուղղությամբ: Ներկայումս կապն աստիճանաբար վերականգնվում է:
Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար:
«Մենք անում ենք ամեն հնարավորը` կարճ ժամկետում խափանումը վերացնելու համար և հուսով ենք, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի»,-գրված է հաղորդագրության մեջ: