Եթերային քաղաքականությունը փոխվելու է
Սերժ Սարգսյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկել են հեռուստատեսության խնդիրներն ու եթերային նոր քաղաքականություն մշակելու հարցը։
Նրանք անդրադարձել են վերջերս մի շարք մտավորականների և հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Սերժ Սարգսյանին ուղղված
նամակին, որում մտահոգություն են հայտնում հեռուստատեսության
ագրեսիվ, քրեածին և հակասոցիալական բովանդակության վերաբերյալ:
Սերժ Սարգսյանը, կարևորելով բարձրացված խնդիրները, դիմել է Հանրային
խորհրդին` հարցը իր հովանու տակ առնելու համար։ Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների և մտավորականների հետ համատեղ կազմակերպվելու են քննարկումներ, մշակվելու են ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր:
Վազգեն Մանուկյանը նշել է, որ հարցը բազմիցս է բարձրացվել Հանրային
խորհրդի կողմից և գտնվում է Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում:
Նա պարտավորվել է մինչև սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ
մեխանիզմներ առաջարկել` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ
իրականացված հանրային քննարկումների հիման վրա: