Կապիկները հափշտակել են երիտասարդ գիտնականին
Թեքսասի համալսարանի ուսանող, մարդաբան Էնդրյու Օբերլիին հափշտակել են շիմպանզեները։
Օբերլին գործնական պրակտիկայի համար մեկնել էր հարավաֆրիկյան Chimp Eden կապիկների արգելոցից մեկը։
Երկու կապիկներ բռնել են ուսանողին, երբ վերջինս դասախոսություն էր կարդում արգելոց ժամանած այցելուների համար։ Շիմպանզեներին հաջողվել է երիտասարդին անցկացնել արգելապատի վրայով, որից հետո կենդանիները Օբերլիին քարշ են տվել մոտ 1 կմ, ընթացքում կծելով տղայի ձեռքերն ու ականջը, տեղեկացնում է ridus.ru-ն։
Արգելոցի աշխատակիցները ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդաբանին հասցրել են 300 կմ հետավորության վրա գտնվող Հելսպրուտ քաղաքի հոսպիտալը։
Դեպքից հետո արգելոցը ժամանակավորապես փակվել է այցելուների համար։ Այգու ղեկավարի խոսքերով արգելոցի պատմության մեջ նման դեպք դեռ չէր եղել։
Արգելոցի բացումը նախատեսված է մարդկանց անվտագությունը ապահովող միջոցառումներ կատարելուց հետո։ Մասնագետների կարծիքով կապիկներին ուսումնասիրող գիտնականները առավել զգույշ պետք է լինեն, քանի որ այդ կենդանիներն իրենց խոշոր չափերով, ուժով ու արագաշարժությամբ հանգիստ կարող են անզեն մարդու հախից գալ։