Երթով դեպի Դատախազություն (տեսանյութ)
Այս պահին ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված բողոքի ակցիայի մասնակիցները Բաղրամյան փողոցի երկայնքով երթով իջնում են դեպի Գլխավոր դատախազության շենք:
Բողոքի ակցիայի մասնակիցները Դատախազության դիմաց են: Ելույթ է ունենում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Նա մասնավորապես ասաց, որ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը իր գործընկերը չի կարող լինել, ընտրակեղծիքներով ընտրված պատգամավորը գործընկեր չի կարող համարվել:
Ժառանգության անդամ Անահիտ Բախշյանը գնահատելով նմանատիպ ակցիաները ասաց «Այս ակցիաները քաղաքացիական հասարակության հասունացման չափորոշիչներն են, այլևս իշխանությունները հնարավորություն չեն ունենա ամեն կամայական որոշում կայացնել, այսուհետ պարտավոր են լինելու հաշվի նստել ժողովրդի հետ: Բոլոր նմանատիպ շարժումները վերջ են դնելու այս համակարգին և միայն դրա շնորհիվ է, որ մեր երկիրը կկարողանա գնալ իրավական ճանապարհով»:
Այժմ բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված բողոքի ակցիայի մասնակիցները Մյասնիկյանի արձանի մոտով բարձրանում են կառավարության շենք՝ այնտեղ իրենց ակցիան ավարտելու համար:
Նշենք, որ երթի ողջ ընթացքում մի քանի տասնյակ ոստիկաններ ուղեկցում էին բողոքի ակցիայի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները որոշել էին այսօր ժամը 18:00-ին հավաքվել Ազատության հրապարակում՝Վահե Ավետյանի հոգեհանգստին մասնակցելու համար: Սակայն ավելի որոշվեց հանդիպման վայրը փոխել և նշեցին Զեյթունի շուկան, այն պատճառաբանությամբ, որ Ազատության հրապարակից Զեյթուն հասնելը (Վահե Ավետյանը ապրում էր Զեյթուն թաղամասում) դժվար կլինի:
Նրանք նաև հայտարարեցին, որ մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներն ու ակցիայի մասնակիցները հետ միասին պահանջելու են, որպեսզի ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին զրկեն իր պատգամավորական մանդատից: