Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կազատե՞ն Արսեն Արծրունուն

Հասարակություն
ff8ffc7ec13072e6540c71c5a594880a

Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին ազատ կարձակվի, թե ոչ, պարզ կդառնա հուլիսի 12-ին։

2011 թվականի մայիսին «Քրեական օրենսգրքում» կատարված փոփոխությունից հետո հանվել է հոդվածի այն կետը, որով 1996 թ-ին Արսեն Արծրունին դատապարտվել էր, ուստի գործողությունները վերաորակավորելու անհրաժեշտություն է առաջացել:

Արսեն Արծրունու պաշտպան Նարինե Ռշտունին գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 23.05.2011 թ. փոփոխության հետեւանքով 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը վերցնելուց հետո Արսեն Արծրունու գործողությունները պետք է որակվեն 38-104 հոդվածի 1-ին մասով 2 առանձին դրվագներով, հատկապես մահապատիժը պետք է փոփոխվի 12 տարի ազատազրկման, ուստի պետք է ազատ արձակվի։

Ըստ պաշտպանի՝ Արծրունու կողմից կատարված առաջին սպանությունը, որի համար ինքն արդեն կրել է 12 տարի պատիժ, միացվի երկրորդ սպանության հետ մեկ հոդվածում, ապա տվյալ դեպքում դա պետք է դիտվի որպես կրկին անգամ նույն արարքի համար դատվելու դեպք:

Նարինե Ռշտունին հիշեցնում է, որ Արսեն Արծրունին անձամբ մարդ չի սպանել: Այնինչ, դատապարտվել է երկու տարբեր սպանություններ հրահրելու համար։

ՀՀ գլխավոր դատախազությունը գտնում է, որ Արսեն Արծրունուն դատավճռով ապացուցված համարված հանցանքները որակել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածին եւ 104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, ինչը հնարավորություն կտա որպես պատիժ թողնել ցմահ ազատազրկումը։

Ի դեպ, այսօր Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրավիրված արտագնա նիստի ժամանակ դատախազ Ալեքսան Մուրադյանը լքել է դատական նիստը, սակայն դրա համար նկատողություն չի ստացել դատավոր Վլադիմիր Գրիգորյանից։

«Եթե պաշտպանը լքեր նիստերի դահլիճը, նույնիսկ նրա նկատմամբ գործ կհարուցեին»,- եզրափակեց Նարինե Ռշտունին։