Մ. Բադեյան. «Ռուբեն Հայրապետյանն իր մեղքի բաժինն ունի» (տեսանյութ)
Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը թեև չի արդարացնում իր կուսակից Ռուբեն Հայրապետյանին, սակայն անիմաստ է համարում «Հարսնաքար» ռեստորանը փակելու ակցիան։
«Ես չեմ ուզում նրան արդարացնել, որովհետև իր մեղքի բաժինը, իհարկե, ունի Ռուբեն Հայրապետյանը, բայց էս վայնասունը, որ բարձրացված է, անիմաստ է. վայ եկեք Հարսնաքարը փակենք, ոնց որ թե այդ շենքն է մեղավոր, եկեք Ռուբեն Հայրապետյանին գնդակահարենք, ոնց որ թե ինքն է մասնակիցը եղել այդ ծեծկռտուքին»։
Հանրապետական պատգամավորի կարծիքով հենց անվտանգություն ապահովող անձինք իրենք են դարձել վտանգավոր հասարակության համար և յուրաքանչյուր ոք, ով օգտվում է թիկնապահների ծառայությունից, ըստ Մանվել Բադեյանի՝ պետք է հստակեցնի խաղի կանոններն ու նրանց առջև պայմաններ դնի։
«Ես չեմ կարծում, որ Ռուբեն Հայրապետյանը պահանջ չի դրել այդ մարդկանց առաջ, որովհետև այդ պահանջները բոլորի առաջ դնում է նաև պետությունը, և այդ պահանջները չի կատարվում, ինչպես չի կատարվել Ռուբեն Հայրապետյանի պահանջները։ Դուք կարծում եք՝ Ռուբեն Հայրապետյանը իր ախռաննիկներից պահանջել է մարդկանց ծեծել, սպանե՞լ»,- ասաց Մանվել Բադեյանը։
Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ցավակցում է Վահե Ավետյանի ընտանիքին, և նշում, որ նման դեպքերը կվերանան միայն այն ժամանակ, երբ փոխվի երկրի իշխանությունների որակը։
«Եվ սա այն խնդիրն է, որ հանրությունը պետք է իր առջև դնի. Դնի ընդհանուրի մեջ՝ մասնավորը չմոռանալով։ Բայց ամենակարևորը մթնոլորտի փոփոխությունն է, այն մթնոլորտի, որը տեղ է տալիս այս կարգի միջադեպերին»,- ասաց Արման Մելիքյանը։