Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամբողջ գյուղը տոկոսի տակ ճռում է»

Հասարակություն
0bc1d3dbe7b8fb1f0e23191a6fb724dc

«Ամառվա այս շոգին համայնքի ամենամեծ պրոբլեմը ջուրն է: Սանէպիդկայանից եկան ստուգեցին եւ հայտարարեցին, որ օգտագործման, խմելու համար ջուրը պիտանի չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ Վերժինե Գալոյանը: Ըստ նրա, այսօր ի թիվս այլ հարցերի, գյուղում ջրի խնդիրը անլուծելի է մնում: Ծորակից ջուր չեն խմում, այդ անորակ ջուրն էլ այնքան սակավ է, որ օրվա մեջ ընդամենը 2 ժամ են ունենում:

Ջրի խնդիրն այսքանով չի ավարտվում: «Ոռոգման ջուրն էլ շատ թանկ է. 1, 5 հա այգի, 2 հա առվույտի համար մենք տարեկան մուծում ենք 350-400 հազար դրամ, եկամուտ ունենաս, թե ոչ՝ վարձը պետք է վճարես, պայմանագիրն էլ միակողմանի է, միայն նշվում է, որ ջրի դիմաց պետք է վճարենք, բայց նշված չի, որ եթե ջուր չլինելու, կամ ուշանալու պատճառով ես տուժեմ, ո՞վ պետք է հատուցի»,-արդարացիորեն նկատում է տիկին Վերժինեն:
Գյուղում ոչ մի հարց կարգավորված չի. վերջին կարկտահարությունից տուժել է տնտեսության 90 տոկոսը. «Ոչ ոք չի մտածում այդ վնասի հատուցման մասին, Երեւանից 2 մարդ եկան, տուժածների ցուցակները գրեցին, գնացին, թե ինչ պիտի անեն՝ չգիտեմ, մինչ օրս ոչ մի նորություն չկա: Ապահովագրություն էլ չկա, որ հողն ապահովագրես նման դեպքերից»:

Տիկին Վերժինեն պատմում է, որ մեծահարուստներն էլ օգտվում են գյուղացու անմխիթար վիճակից. «Ամեն գարնանը բերում են սելիտրա են վաճառում, հասարակ մարդու ձեռքը փող չկա, պարարտանյութը 6000 դրամով վերցնում են փողատերերը, հիմա հանում, 10 հազարով են վաճառում: Հասարակ մարդն է նորից տուժում: Ամբողջ գյուղը տոկոսի, վարկի տակ ճռում է, վարկը վերցնում են, հետո բնական աղետներ են լինում՝ տակ են տալիս, ոչ մի փոխհատուցում էլ չի լինում»,-գյուղի վիճակն է նկարագրում Վերժինե Գալոյանը:
Նա նաեւ անդրադարձավ գյուղատնտեսական մթերքների գներին:
«Մինչեւ մեր տնտեսության ապրանքը հասունանում է վաճառքի համար, գները միանգամից ընկնում են, գալիս են վերավաճառողները, տանում են, իրենք էլ այնտեղ են վաճառում, հետո նոր մեր արտադրանքը հասնում է քաղաքացուն, այսինքն, մի 4 ձեռք հետո է հասնում սպառողին. տուժում է սպառողը, տուժում է արտադրողը: Շահում են կրկին փողատեր-բիզնեսմենները: 1 կգ խաղողը 1 շիշ ջերմուկի գնով էլ չեն վերցնում: 120 դրամով են խաղողը տանում. ես մի ամբողջ տարի սպասում եմ, որ բերքը դուրս գա, էժան տանում են, բայց գոնե մարդկանց հասնի էժան: Չէ, վերավաճառողներն են մեջտեղն օգտվում»:

Գյուղում սոցիալական վիճակն ընդհանուր առմամբ վատ է: ՙՄարդիկ կան՝ հազիվ իրենց տոկոսն են փակում, ու ձմեռվա ուտելու բան չի մնում: Հատուկենտ մարդիկ ունեն մեխանիզացիա, բայց դրանք մյուսների համար շատ դժվար մատչելի են, մեխանիզացիան թանկ, վառելքը թանկ. եթե սեզոնին 50 դրամով սալյարկան թանկանում է, մեխանիզատորները 1000-2000 դրամով գները բարձրացում են, առաջ խոտը տուկ էին անում 100 դրամով, հիմա 130 դրամով.
պատճառաբանում են, որ վառելանյութը շատ թանկ է: Բայց իրենց էլ մեղադրելու չէ, պահեստամասերը թանկ, ամեն ինչը թանկ, կյանքը թանկ՚,-փորձում է համագյուղացիներին արդարացնել տիկին Վերժինեն:
Նրա ամուսինը՝ Յաշա Գալոյանն էլ խոսեց հողի սխալ սեփականաշնորհման մասին. «Նաուրա հողը սեփակաշնորհեցին, գյուղացուն կանգնեցրին փաստի առաջ՝ ոչ մեխանիզացիա ունի, ոչ մի բան, ինչո՞վ պետք է մշակի, սա որ դարն ա, որ ձեռքերով հող մշակես: Ժողովուրդը չիմանալով՝ ուրախ-ուրախ վերցրեց հողն ու ընկավ կրակը. սխալ էր, շատ սխալ հողաբաժանում արեցին: Մեխանիզացիան գոնե չպետք է բաժանեին, գոնե տային մեկին, ու նրանից էլ պահանջեին, ոչ թե բաժանեցին տարբեր մարդկանց, մեկը կոտրեց, մյուսը վաճառեց, երրոդը մաս-մաս արեց վաճառեց: Այսօր տնտեսությունը մնացել ա մի 1 տրակտորի, երկու խոտ հնձող մեքենայի հույսին. մի հեկտար առվույտը քաղելը 1000 դրամ է: Դե պատկերացրեք, դրան գումարած ջրի վարձը, հողի վարձը, տակն ի՞նչ ա մնում, որ եկամուտ ստանաս»:

Գյուղերում ոչ մի զբաղմունք չկա: Երիտասարդությունը դուրս է եկել, գյուղի 50 տոկոսը դատարկվել է, գյուղում երիտասարդ չկա: «Երկու ընկեր եկան, վարկ էին վերցրել, 7 հա պոմիդոր ու սոխ էին դրել, կարկուտն եկավ՝ տարավ, էս մարդիկ մնացին փաստի առաջ, ինչո՞վ տոկոսները փակեն, ստիպված տոմս վերցրին ու թռան Ռուսաստան»,-պատմում են Գալոյանները, որոնց տանն էլ այսօր երիտասարդ չկա:

«Մենք երեք տղա ենք պահել, մեծացրել որոնցից երկուսը արցախյան պատերազմի մասնակից են եղել, ինչո՞ւ պիտի այսօրվա օրը մենք՝ մարդ ու կին, մենակ մնայինք մեր տան մեջ, 1966 թվից ամուսիներով աշխատել ենք, տունուտեղ ենք ստեղծել, երեխեքին ուսման ենք տվել, բարձրագույն կրթություն են ստացել ու մի օր չեն աշխատել իրենց մասնագիտությամբ, որովհետեւ պայման չկա, աշխատատեղ չկա: Եթե հիմա մեր երեխեքը մեզ Ռուսաստանից չօգնեն, մենք չենք կարող ապրել, ի՞նչ թոշակ եմ ստանում, 33 տարի աշխատել եմ` 30 հազար դրամ թոշակ եմ ստանում, բա դրանով ես կարո՞ղ եմ իմ գոյությունը պաշտպանել, դեռ մի բան էլ հող մշակել: Դա էլ՝ մի տարի լավ է լինում, մի տարի չէ, հետո պիտի փող դնես, որ բարիք ստանաս. ես ինչ դնեմ, թոշա՞կս»,-ասում է Վերժինե Գալոյանը:

Ի դեպ, պարզվում է բացի այն, որ գյուղի 50 տոկոսն արտագաղթել է, մնացածներից շատերն էլ չեն կարողանում իրենց հողը մշակել. «Ի վիճակի չեն, սովխոզի հողերի 30-35 տոկոսն է մշակվում միայն, մնացածը ի վիճակի չեն: Կաշի տալով մարդիկ ապրում են ու վերջում նստում կոտրած տաշտակի առաջ»:

Բայց մի դրական բան կա այս գուղում, հանցավորության աճ չկա: Ընդհանրապես տիկին Վերժինեն հիշեց միայն անցած տարվա դեպքը, երբ կենցաղային հողի վրա վեճի ժամանակ, հարեւանը հարեւանին հրել էր, վերինս ընկել էր ու գլուխը քարին էր դիպել, մահացել էր: