Քննում են թիկնապահների նոր «հերոսությունը»
«Ժողովուրդ» թերթի հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքներն ուսումնասիրվում են, արդյունքների մասին կիրազեկենք»,-Ա1+-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության եւ տեղեկատվության հարցերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։
Հիշեցնենք` թերթն անդրադարձել էր նրան, որ Վահե Ավետյանի մահվան օրը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները (գուցե օբյեկտի անվտանգության աշխատակիցները) դաժան ծեծի են ենթարկել 81 համարի երթուղու մի վարորդի: Թերթի տեղեկություններով` Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել է մեքենան ''փախցնել''` տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 ՏՕ 888 համարանիշի ''Տոյոտա'' ջիփով ու խիստ զայրացել կատարվածից: Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե ''դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա'':
Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ: Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորդները: Միջադեպի հետևանքով արդեն 3 օր է` 81 համարի երթուղին կաթվածահար վիճակում է. Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում: