Տիգրան Ներսիսյան. «Նախագահն ա մեղավո՞ր» (տեսանյութ)
Դերասաններն ընդունում են՝ սերիալները հիմնականում վատն են, բայց ո՞վ ասաց, որ սպանում են դրանց պատճառով։ «Չորս տարի ետ գնանք մտովի, ոչ մի սերիալ չկար. սպանություն էլ չկա՞ր»,-հարցնում է Սունդուկյանի անվան ազգային թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը։
Կամերային թատրոնի տնօրեն Դավիթ Հակոբյանը այլ արժեքների իշխանություն է նկատում Հայաստանում, ինքը գիտի, որ սպանելը եւ թալանելը վատ բան է, բայց դրանք ապրեցնող են. «Ես գիտեմ, որ թալանել չի կարելի, բայց նախանձում եմ թալանողներին, որովհետեւ նրանք լավ են ապրում»։ Երկու բանախոսն էլ տեղյակ են, որ սերիալների վերահսկման հարցով մի խումբ մտավորականներ դիմել են Սերժ Սարգսյանին։
«Դիմել են նախագահին, որովհետեւ էլ ոչ մեկի հետ հույս չեն կապում»,-ասում է Դավիթ Հակոբյանը ու շարունակում. «Օրինական երկրում նախագահը ինչ գործ ունի ըսենց բաների հետ»։ Տիգրան Ներսիսյանին ինչ-որ բան հասկանալի չէ. «Ինչ-որ էս երկրում կատարվում ա նախագա՞հն ա մեղավոր»։ Այնուամենայնիվ, ըստ Սունդուկյանի անվան ազգային թատրոնի դերասանի, այլ տարբերակ չկա՝ պիտի նախագահը զբաղվի նամակով.«Նախաձեռնությունը շատ լավն ա եւ ճիշտ ա»։
Բանախոսները համաձայն չեն, որ իշխանությունն ինքն է շահագրգռված անճաշակ եթերով, որպեսզի հասարակությանը կարողանա կաշառել եւ զրկել ինքնուրույն մտածողությունից։ «Ես չեմ կարծում, որ մեր իշխանությունը, կառավարության նիստ են հրավիրում եւ բան են անում, նախարարներ մտածիր, մշակույթի նախարար տես ոնց ես անում, որ կամերային թատրոնը վատ աշխատի»,-ասում է պարոն Հակոբյանը։ Լրագրողները նկատեցին, որ ագրեսիա քարոզող սերիալները ցուցադրում են Սերժ Սարգսյանի շրջապատին պատկանող հեռուստաընկերությունները։
Եթե մտավորականները նամակով դիմում են նրան, ինչպե՞ս նա պետք է ազդի իր շրջապատի վրա, որոնց դարձրել է հեռուստաընկերությունների տեր։ «Չեմ հասկանում, թե ինչ եք ասում»,-զարմանում է Տիգրան Ներսիսյանը։ Դավիթ Հակոբյանը հասկանում է. «Վերահսկողությունը կապ չունի այստեղ թե ինչ են ցուցադրում, ընդամենը տաղանդի խնդիր է, պետք է տաղանդավոր մարդիկ դրանով զբաղվեն»։
Բանախոսները պնդում են՝ հեռուստաընկերությունները պետք է մաքրվեն անճաշակությունից եւ ոչ թե իշխանություններից։