«ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն չեն կարող միջամտել»
«ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն չեն կարող միջամտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին եւ պաշտոնանկ անել նախագահին՝ Ռուբեն Հայրապետյանին: Այդ կազմակերպությունները չեն ճանաչում այն ազգային ֆեդերացիաների ղեկավարներին, ովքեր նշանակվել են իրենց պետության կողմից կամ էլ նախագահի ընտրությունները կեղծված են» - «Ա1+»-ի մարզական լրագրողին պարզաբանեց ՀՖՖ-ի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը:
Ինչպես նշել ենք, Change.org համաշխարհային կայքում սկսվել է ստորագրահավաք` ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռացնելու համար։
Ստորագրահավաքի նախաձեռնողները ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի ղեկավարությանն ուղղված նամակում գրել են, որ 2012 թ. հունիսի 17-ին ՀՖՖ նախագահին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելու պատճառով մահացել է 33-ամյա բժիշկ Վահե Ավետյանը, ուստի ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի ղեկավարներին նրանք խնդրել են արձագանքել եւ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից հեռացնել Ռ.Հայրապետյանին:
Սուրեն Աբրահամյանը այդ առիթով ասաց, որ ՈՒԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին ուղղված ոչ մի նամակ կամ ստորագրահավաք իրավական ուժ չունի:
«Ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի ղեկավարին ազատել-չազատելու խնդիրը ամբողջովին ներքին հարց է: Ես տեղյակ չեմ՝ արդյոք ՀՖՖ-ի ներկայիս կանոնակարգում որեւէ փոփոխություն կատարվել է այդ ուղղությամբ, թե ոչ, սակայն իմ ժամանակ ոչ մի արտաքին ուժ չէր կարող նախագահին զրկել պաշտոնից»,- ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը: