Թիկնապահ՝ մտավոր ունակություններով (տեսանյութ)
ԱԺ, ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն եւ ԲՀԿ խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նրանք պահանջում են խորհրդարանական լսումներ հրավիրել` «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության հարցով: «Սա ստեղծված բացասական երեւույթների մի պոռթկում ու դրսեւորում էր, եւ հարկավոր է այս ուղղությամբ ավելի հիմնարար քննարկումներ տանել, ինչպես նաև թե օրենսդրական, թե բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու լուրջ քայլեր ձեռնարկել»,-ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեռեւս չի արձագանքել խմբակցությունների առաջարկին: Պատգամավորները վստահ են, որ հասարակությունը պետք է անհանդուրժող լինի նման երեւույթների դեմ:
Իսկ «Թիկնազորային գործունեության մասին» օրենքն իր կանխարգելիչ գործողությունները կսկսի 2013թ. հունվարի 1-ից, երբ կմտնի ուժի մեջ: Այս մասին հայտնեց օրենքի համահեղինակ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը. «Ովքեր, որ պետք է թիկնապահ աշխատեն, անցնելու են բարդ լիցենզավորման գործընթաց, դա ենթադրում է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն, այլ նաեւ մտավոր ունակությունների, աշխարհընկալման որոշակի բազայի ձևավորում»:
«Անկախ նրանից, որ օրենքը ֆորմալ առումով գործելու է 2013թ.-ից, այս պահից սկսած այլեւս կա օրենսդիր մարմնի կամքը, վճռականությունը, որը ոլորտն այս ձեւով պետք է կարգավորվի եւ յուրաքանչյուր թիկնազոր, կամ անձ, որը ցանկանում է այդ ծառայությունից օգտվել, պետք է բավարարի այդ պահանջները»,-հավելեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ի դեպ, միջադեպի օրերին ՀՀԿ-ն իրեն շատ պասիվ դրսեւորեց եւ հանդես չեկավ դատապարտող որեւէ հայտարարությամբ։ Ըստ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ քաղաքական դատապարտող հայտարարությունները առավելության կամ թերության նշան չեն։ «Բռունցքներով, ուժի գործադրմամբ հարցեր լուծելու ժամանակները, բարեբախտաբար, Հայաստանում անցել են, եւ դա բոլորս պետք է հասկանանք»,-ասաց նա: