Մեկնարկեց «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը
«Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում այսօր մեկնարկեց «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը։ Հոլանդացի հայտնի կինոքննադատ Պետեր վան Բուերենը և «Ոսկե Ծիրան» փառատոնի թերթի խմբագիր Ռոնալդ Ռովերսը Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և Բելառուսից ժամանած ուսանողներին և լրագրողներին 3 օր շարունակ կծանոթացնեն կինոլրագրության և կինոքննադատության տեսությանն ու օրաթերթի աշխատանքներին։ Ծրագրի մասնակիցներին ընտրել է հայ և միջազգային կինոլրագրողներից և քննադատներից կազմված հանձնախումբը։
«Ծրագրին մասնակցելու ավելի քան 20 հայտ է եկել տարբեր երկրներից։ Մասնակցիներին ընտրելիս հաշվի են առել նաև նրանց գրած հոդվածներն կինոյի մասին եւ անգլերենի իմացությունը, քանի որ պարապմունքներն անցկացվելու են հենց անգլերենով»,- ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը։
Սա «Ռեժիսորներ առանց սահմանների» արևելյան գրոծընկերության ծրագրի մասն է կազմում։ Ծրագրի մասնակիցները Հայաստանում կմնան փառատոնի ողջ ընթացքում և հնարավորություն կունենան թղթակցելու «Ոսկե Ծիրանի» օրաթերթին և կայքին։
«Հայաստանը նոր է անկախություն ձեռք բերել, և ժամանակն է, որ ստեղծի իր կինոն։ Այս փառատոնի նպատակն է զարգացնել կապերը եվրոպական կինոարտադրության հետ և նպաստել Հայաստանյան ֆիլմարտադրության զարգացմանը»,- ասաց կինոքննադատ Պետեր վան Բուերենը։
Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 8-ին և կտեւի մինչև հուլիսի 15-ը: