Սահմանադրությունը բարեփոխումների կարիք ունի
ՀՀ սահմանադրությունն այսօր լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Այսպիսի տեսակետ այսօր հայտնեց Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը։ «Սահմանադրությունը մեր առօրյա կյանքում չի գործում այնպես, ինչպես պետք է գործեր»,- ասաց Ֆելիքս Թոխյանը։ Նրա կարծիքով սահմանադրական բարեփոխումների կարիք ունեն հիմնականում դատական համակարգն ու տեղական ինքնակառավարման մարմինները։
«Ինքնուրույն դատական իշխանության բացակայությունը լրջորեն ազդում է նաև տնտեսության վրա, քանի որ հայաստանյան շուկայում ներդրումներ կատարողներն իրենց ինվիստիցիոն իրավունքները չեն կարողանում պաշտպանել դատարանում»,- նշեց Ֆելիքս Թոխյանը։
Թելիքս Թոխյանի կարծիքով երկրի ամենամեծ խնդիրը ժամանակն է. «Աշխարհը շատ շուտ է վերափոխվում, իսկ մենք հետ ենք ընկնում։ Մեզ պետք է քաղաքական համակարգի լուրջ մոդեռնիզացիա, իսկ այդ խնդիրները պահանջում են սահմանադրական բարեփոխումներ»,- ասաց ՍԴ ներկայացուցիչը։
Ինչպես նշեց Ֆելիքս Թոխյանը՝ ՀՀ Սահմանադրության մեջ իրեն չի արդարացնում հատկապես 1 գլխի 1 հոդվածն, ըստ որի՝ ՀՀ -ը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
«Սահմանադրությունը պետք է ամրագրի և կարգավորի ոչ միայն քաղաքացու և պետության փոխհարաբերությունները, այլ նաև քաղաքացիական հասարակության մի շարք էլեմենտների կարգավիճակը»,- ասաց պարոն Թոխյանը։
Ըստ Ֆելիքս Թոխյանի՝ 2005թ.-ին ընդունված Սահմանադրությունն անթերի լինել չի կարող, քանի որ այն ընդունվել է քաղաքական անհամերաշխության մթնոլորտում.
«Ընդդիմությունը բոյկոտել է ինչպես նախորդ, այնպես էլ 2005թ. ընդունված Սահմանադրությունը։ Իսկ այսօր, երբ ընդդիմությունը փողոցներից մտել է պառլամենտ, ամենաբարենպաստ ժամանակն է սահմանադրական բարեփոխումներ կատարելու»։