«Արմավիան» դարձյալ սպասեցրեց
«Արմավիա» ընկերության չվերթով Լիոնից Երեւան թռչողները երեկ ժամը 17.30-ի փոխարեն միայն այսօր լուսաբացին հասան Հայաստանի մայրաքաղաք։
Ուղեւորներից ոմանք զգուշացվել էին, որ 11.05-ի չվերթը հետաձգվում է մինչեւ ժամը 21.35-ը ։ Մի մասը, սակայն, ինչ-ինչ պատճառներով չէր տեղեկացվել ու վաղ առավոտից օդանավակայանում փորձում էր հասկանալ, թե ինչու չվացուցակում չկա հայկական չվերթը։
Ֆրանսիական կողմը չգիտեր, «Արմավիա»-ի ներկայացուցիչն էլ չկար։ Վերջինս ժամանեց ժամը 19-ի մոտ եւ հայտնեց, որ ինքնաթիռը կմեկնի 23.30-ին։
Նա «լավ» լուր էր ուներ, թե իբր փոխհատուցում ուղեւորները կարող են մինչեւ հինգ կիլոգրամ բեռ Երեւան անվճար տեղափոխել։ Մեկ հավելյալ կիլոգրամի դիմաց «Արմավիա»-ն սահմանել է 8 եվրո վճար։
Սննդի տեսքով փոխհատուցում այս չվերթի ուղեւորներին չէր սպասվում, չնայած կային ուղեւորներ, որոնք , քանի որ չէին զգուշացվել, առավոտյան էին ժամանել Լիոն՝ հարեւան քաղաքներից, ու ամբողջ օրը մնացել էին օդանավակայանում։ Քիչ չէին նաեւ երեխաները։
Բայց առավել զայրացած էին մի խումբ զբոսաշրջիկներ, ովքեր օդանավի տոմսերը գնել էին դեռեւս երեք ամիս առաջ եւ անգամ վճարել՝ «Արմենիա-Մարիոթ»-ում գիշերելու համար։ Արդեն վճարված համարների փոխարեն նրանք գիշերեցին օդանավում եւ բնավ հույս չունեն, թե «Արմավիա» այդ կփոխահատուցի։
Ուղեւորներին ոչ մեկն այդպես էլ չզգուշացրեց, թե ինչու օդանավը թռավ ուշացումով եւ ներողություն էլ չխնդրեցին՝ այդքան երկար սպասեցնելու համար։ Միակ հայտնի պատճառն այն էր,որ «Արմավիայի» ինքնաթիռը Երեւանից Լիոն էր ժամանել նախատեսվածից մոտ 15 ժամ ուշացումով։
Իսկ այսօր երբ «Արմավիայի» մամլո քարտուղարից փորձեցինք ճշտել, թե ինչու էր հետաձգվել չվերթը, Նանա Ավետիսովան խոստացավ պատասխանել, բայց ոչ միայն չզանգահարեց, այլեւ չպատասխանեց մեր հետագա զանգերին։