Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանացի ռեժիսորի «Հարավը» Երեւանում է

Հասարակություն
a5292c40622a7639c620e7053b44c166

Մոսկվա կինոթատրոնում կայացավ աշխարհահռչակ իսպանացի ռեժիսոր Վիկտոր Էրիսեի «Ռետրոսպեկտիվ» ծրագրի բացումը, որի ընթացքում հայ հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսորի «Հարավ» ֆիլմը: «Հարավը» ներկայացված է եղել նաև Կաննի հեղինակավոր կինոփառատոնին և արժանացել կինոքննադատների հիացմունքին: Վիկտոր Էրիսեն այս տարի առաջին անգամ է մասնակցում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին, և գլխավորում է փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը:

«Վիկտոր Էրիսեն բացարձակ կինոզգացողություն ունի: Էրիսեի ֆիլմերը շատ դանդաղ են, բայց այդ հանդարտության մեջ այնպիսի մի լարվածություն կա, որ անընդհատ սպասում ես, որ հիմա ինչ-որ մի բան կպայթի»,- իսպանացի ռեժիսորի ֆիլմերի մասին բացման խոսքում ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբուլցյանը:

Էրիսեի «Հարավը» ֆիլմը ստեղծման հետաքրքիր պատմություն ունի: Երբ ռեժիսորը նկարահանել էր ֆիլմի ընդամենը 2/3 մասը, ֆիլմի պրոդյուսերը նրան հայտնում է, որ ֆիլմի բյուջեն սպառված է, և խնդրում է մոնտաժել միայն արդեն իսկ եղած կադրերը: Հենց այդ քիչ կադրերով մոնտաժված ֆիլմն էլ ուղարկվում է Կաննի փառանոնին և հետագայում արժանանում կինոքննադատների լավագույն գնահատականներին:

«Հարավը» ռեժիսորի երկրորդ լիամետրաժ ֆիլմն է: Ֆիլմի ցուցադրությանն ներկա էր նաեւ ֆիլմի հեղինակ՝ Վիկտոր Էրիսեն:

«Անհնար է այս ֆիլմը համեմատել այժմյան ֆիլմերի հետ: «Հարավը» ֆիլմը ներկայանում է միայն պատկերների և երաժշտության միջոցով: Հարավը ֆիլմում պատկերված է որպես մի վայր, ուր ֆիլմի գլխավոր կերպարը չի կարողանում գնալ: Դա մի վայր է, որը բոլորն ուզում են գտնել, և երբեք չեն ցանկանում այնտեղից վերադառնալ»,- իր ֆիլմը ներկայացրեց իսպանացի ռեժիսորը: