Ռեժիսորը փորձել է բացահայտել կնոջը
Իրանցի ռեժիսոր Ահմադ Ռեզա Մոթամեդի «Ալցհեյմեր» ֆիլմը «Ոսկե Ծիրան» 9-րդ Երեւանի կինոփառատոնում ընդգրկված է միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում: Իրանական լիամետրաժ խաղարկային ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով քսան տարի առաջ կորցրել է ամուսնուն, բայց չի հավատում այդ կորստին:
Մինչ նրա բարեկամներն ամեն տարի սգում են նրա ամուսնու մահը, կինը թերթերում «Հուսահատորեն փնտրում եմ...» բովանդակությամբ հայտարարություններ է տեղադրում:
Իրանցի ռեժիսորը պատահական չի իր ֆիլմի հերոսին կին ընտրել: «Հավատացած եմ, որ կնոջը դեռ չեն բացահայտել: Նրան չեն հսկացել ոչ անցյալում, ոչ հիմա, ոչ արևմուտքում, ոչ էլ արևելքում: Ֆեմինիզմը փորձել է հասկանալ, բայց այդպես էլ չի ստացվել»,- ասաց իրանցի ռեժիսորը:
Իրանական կինոարտադրությունը տարբեր ժամանակահատվածներում տարբեր ուղղություններով է զարգացել, բայց, ինչպես նշեց ռեժիսորը, իրանցի ռեժիսորները գտել են աշխարհի հետ հաղորդակցվելու ձևը. «Իրանական լեզուն հազարամյակներ շարունակ սովոր է խոսել արվեստի լեզվով, իսկ կինոն եւս արվեստ է»:
Ահմադ Ռեզա Մոթամեդի համար Իրանում առկա սահմանափակումները չեն խանգարում, որ ստեղծի այն, ինչ ցանկանում է. «Այդ սահմանափակումները որքան շատ լինեն, այնքան կինոն կարող է հստակ և ավելի բարձր ձայնով արտահայտվել»,- ասաց Ահմադ Ռեզա Մոթամեդը: