Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե բոլորը» ֆիլմը ադրբեջանցիներին զայրացրել է

Հասարակություն
7bb70e37440bc9ced8beed54c66fd553

«Եթե բոլորը» ֆիլմի ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն երազում է իր հաջորդ ֆիլմերը նկարել Հայաստանում: Նրա «Եթե բոլորը» ֆիլմն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագիր խաղարկային մրցույթում: Ֆիլմի պրոդյուսերը ճանաչված դերասան Միքայել Պողոսյանն է:

«Ես ամբողջ սրտով Հայաստանում եմ: Երկուսուկես տարվա ընթացքում իմ հիացմունքը այս երկրի և ժողովրդի համդեպ ավելի է ամրապնդվել»,- ասաց ֆիլմի ռեժիսորը:

Նատալյա Բելյաուսկենեն Միքայել Պողոսյանի հետ ծանոթացել է Մոսկվայում գարեջրի գովազդի նկարահանման ժամանակ:
«Եթե բոլորը» ֆիլմը խաղաղության մասին է: Գլխավոր հերոսը՝ Գուգոն, ստիպված է հանդիպել իր անցյալին, ընկերներին, որոնց հետ 20 տարի առաջ դուրս եկավ պայքարի` հանուն իրենց իդեալների պաշտպանության: Այդ ժամանակից ի վեր նրանց ուղիները բաժանվել են, բայց ռուս զինվորի և հայուհու դուստրը, որի մայրը Սումգայիթի ջարդերի զոհ է դարձել, և հանուն որի հիշատակի ամուսինը կամավորագրվել է արցախյան պայքարին, նրանց մեջ վաղուց մոռացված զգացմունքներ է արթնացնում:

Նկարահանումներից առաջ ռեժիսորը հանդիպել է պատերազմի միջով անցած բազմաթիվ մարդկանց հետ: «Ինձ համար կարևոր էր շփվել պատերազմ ապրած մարդկանց հետ: Այդ մարդկանց մեջ պատերազմից հետո էլ պատերազմն ապրում է միշտ, և այն հաղթահարելը շատ դժվար է: Ֆիլմը հենց դրա մասին է»,- ասաց ռեժիսորը:
Նատալյա Բելյաուսկենեն շատ է ցանկանում, որ այս ֆիլմը ցուցադրվի նաև Ադրբեջանում: Սակայն ֆիլմի փարիզյան ցուցադրումից հետո դահլիճում գտնվող ադրբեջանցի հանդիսատեսները դժգոհություն են հայտնել:

«Մենք քաղաքականությունից մեզ հեռու ենք պահել: Շատ կարևոր էր, որ ֆիլմը դիտվեր ոչ որպես Հայաստանի կողմից արված որևէ հայտարարություն արցախյան հակամարտության վերաբերյալ: Այս ֆիլմը պատերազմ տեսած և այն հաղթահարած մարդկանց մասին է, այն մասին է, որ ցանկացած պատերազմ շատ վատ է»,- ասաց ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն:

Ինչպես նշեց ֆիլմի պրոդյուսեր Միքայել Պողոսյանը՝ «Եթե բոլորը» ֆիլմի համար մեծ դռներ է բացել Մոսկվայի կինոփառատոնը: «Ես ամեն օր տարբեր փառատոններից բազմաթիվ հրավերներ եմ ստանում: Դրանք հիմնականում Գերմանիայից են արվում: Այս ֆիլմով շատ փառատոնների կմասնակցենք»,- ասաց Միքայել Պողոսյանը: