Այս տարի մահացել է 27 զինծառայող
Ըստ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում գրանցվել է 23 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 27 զինծառայող: 23 միջադեպերից միայն 12-ի դեպքում է ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր:
Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 27 դեպքերից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է, 4-ը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով, 1-ը՝ զենքի հետ վարվելու կաննոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 3-ը՝ սպանության հետեւանքով եւ 1-ը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:
Դեպքերից երկուսի ժամանակ զոհվել են միանգամից երեքական զինծառայողներ՝ երեքը զոհվել են Այգեպար-Մովսես ճանապարհին ադրբեջանական զինուժի կողմից մարդատար ավտոմեքենայի գնդակոծման հետեւանքով, իսկ մյուս երեքը՝ ադրբեջանական զորքերի կողմից ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր ներթափանցելու փորձի ժամանակ: