Աշոտյանի համար տորթ էին պատրաստել (տեսանյութ)
Թեև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ծնվել է հուլիսի 25-ին, բայց «պատանի նվաճողները» որոշել են նախօրոք շնորհավորել նրան։ Արմեն Աշոտյանն այսօր այցելել էր Ծաղկաձորում գտնվող «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ ճամբար։
Նախարարին անակնկալ մատուցելու համար պատանիները ողջ ճամբարը զարդարել էին փուչիկներով։ Արմեն Աշոտյանի համար նույնիսկ մեծ տորթ էին պատրաստել, որն էլ նախարարը անձամբ կտրատեց։ Լիովին տոնական տրամադրություն հաղորդելու համար՝ ճամբարի 140 պատանիները երգելով շնորհավորեցին նախարարի ծնունդը։
«Ծննդյան» արարողությունից հետո Արմեն Աշոտյանը պատասխանեց պատանիներին հուզող հարցերին։
Աշակերտներին մտահոգում են կրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, սակայն նախարարի ոչ բոլոր պատասխանները գոհացրին աշակերտներին։
Էրիկին հետաքրքրում էր, թե արդյոք հնարավոր է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակն ամբողջությամբ տրամադրել շտեմարաններով պարապելուն՝ բուհ ընդունվելու համար։
«Պարոն Աշոտյանը պատասխանեց հարցին, բայց կոնկրետ պատասխան չեղավ։ Ասաց, որ պետք է ամբողջ օրը պարապել, հետ մնալ զվարճանքներից, որ հետո հասցնենք ընդունվել համալսարան»,- ասաց Էրիկ Վարդանյանը։
Արմեն Աշոտյանը տպավորված է աշակերտների հարցերից։ Կային նաև այնպիսի հարցեր, որոնք նախարարին մտահոգվելու առիթ տվեցին։
«Եթե կան հարցեր, որոնց վերաբերյալ մենք երկար ժամանակ է տալիս ենք պարզաբանումներ, ու դեռ այդ հարցերը կան, ապա կրթության նախարարությունը պետք է վերանայի իր ռազմավարությունը»,- ասաց ԿԳ նախարարը։
Ի դեպ, 20 տարի շարունակ յուրաքանչյուր ամառ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը համախմբում է տարբեր մարզերի դպրոցների լավագույն աշակերտներին։ Այս տարի նրանք 140-ն են։
«Երեխաները մի շաբաթվա ընթացքում լսում են տարբեր հանրահայտ մարդկանց, հանդիպումներ են ունենում, հարցեր են ուղղում նրանց, տարբեր խաղեր են կազմակերպվում, որպեսզի իրենց մեջ ամրապնդվի, թե ինչ է նշանակում լինել ազատ և ակտիվ քաղաքացի»,- ասաց կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։
Աշակերտները մի քանի օրերի ընթացքում ստանում են տեսական գիտելիքներ տարբեր ոլորտներից, որոնք կիրառում են նաև գործնականում։ Ճամբարում աշակերտներն ունեն իրենց նախագահը, վարչապետը և նախարարներ։
Գյումրու թիվ 8 միջն. դպրոցի աշակերտ Լևոն Հարությունյանը ճամբարում ստանձնել է մշակությի նախարարի պաշտոնը։
«Կազմակերպում եմ տարբեր ինտելեկտուալ խաղեր, գեղեցկության մրցույթներ։ Հանագործակցել են Սպորտի նախարարի հետ և անցկացրել ենք թենիսի բաց առաջնություն։ Բոլոր նախարարների հետ համագործակցում ենք։ Մեր նախագահի թույլտվությամբ անցկացնում ենք տարբեր դիտարժան միջացառումներ»,- ասաց Լևոնը։