Ազատամարտիկներ. զորակոչեք ՀՀ բանակ
Գյումրեցի ազատամարտիկները հանդես են եկել կոչ-առաջարկով.
«Մենք` Մկրտիչ Մկրտիչի Բաղդասարյանս (Սամոն) և Աշոտ Հակոբի Թադևոսյանս, կոչ ենք անում Շիրակի մարզի բոլոր կամավոր ազատամարտիկներին անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից, հավաքվել Գյումրու Զինկոմիսարիատի շենքում տեղակայված Ազատամարտի վետերանների թանգարանում, միանալ մեզ` կամավորականի դիմումով դիմելու մեր մարտական ընկերներին` ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին և ՀՀ Պաշտպանության նախարարին, որ մեզ, իրենց հայեցողությամբ, զորակոչեն ՀՀ Բանակ սկսած եռամսյա ծառայությունից մինչև կադրային ծառայության: Այս մեր կոչով ես չեմ ուզում, որ մեր հայ ժողովուրդի մոտ թյուր կարծիք ստեղծվի, թե մեր բանակը ոչ մարտունակ է, որի պատճառով մենք ուզում ենք զորագրվել, հակառակ` մեր տարածաշրջանում ամենամարտունակ և ամենաբարվոք վիճակում մեր բանակն է, որը հաղթանակած բանակ է, քանի որ այդ հաղթանակը մենք` կամավորներս, կռել ենք մեր արյան և կյանքի գնով: Մեր անձնական կարծիքով մենք` կամավորներս, անկախ սեռից, տարիքից ու ֆիզիկական վիճակից, իրավունք չունենք ձեռքերս ծալած նստելու և սպասելու, թե թշնամու դիպուկահարները կամ դիվերսիոն ջոկատները քանի նոր զոհ են մեզ մատուցելու:
Քանի որ պատերազմը ավարտված է դե յուրե, սակայն դե ֆակտո ավարտված չէ, ուստի կոչ ենք անում Շիրակի մարզի բոլոր կամավորական ազատամարտիկներին զորակցել Հայկական բանակին ու լինել հայ զինվորների և հրամանատարների կողքին պաշտպանական առաջին գծում` պատերազմում ձեռք բերած մեր գիտելիքներն ու փորձը պրակտիկորեն փոխանցել ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև նրանց տրմադրել բարոյահոգեբանական աջակցություն: Կարևոր է, որ զինվորներն ու հրամանատարները զգան, որ մենք` կամավոր ազատամարտիկներս, ոչ միայն հոգով, այլև գործով իրենց կողքին ենք որպես հավասար ավագ ընկեր զինվոր:
Այս կոչ-առաջարկը անձամբ մեր կարծիքն է ու առաջարկը բոլոր կամավորներին:
Հավաքը կկայանա հուլիսի 30-ին եւ 31-ին ժամը 13:00-15:00-ը Զինվորական կոմիսարիատի առաջին հարկում գտնվող Ազատամարտի թանգարանում»: