Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորովածի փառատոնը ՝ սեպտեմբերի 8-ին

Հասարակություն
801d51d14d785373a419fb64d140b866

Սեպտեմբերի 8-ին չորրորդ տարին անընդմեջ Ախթալա քաղաքում կանցկացվի խորովածի համահայկական փառատոն։ Այս փառատոնը քարոզչական բնույթ ունի։Նպատակն է աշխարհին ներկայացնել Հայաստանն իր ուտեստներով։

«Մենք ազգային, ավանդական ուտեստների լուսաբանման, տարածման խնդիր ունենք ինչպես մեր հասարակության մեջ, այնպես էլ ողջ աշխարհում։ Փառատոնը նպաստելու է նաև զբոսաշրջության։ Պետք է ձևավորվի ևս մեկ հարթակ մեր երկիրը ներկայացնելու»,- ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանումը» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Փառատոնի ընթացքում ակնկալվում է զբոսաշրջիկների մեծ հոսք։ Կազմակերպիչներին Վրաստանից, Գերմանիայից, Չեխիայից արդեն իսկ փառատոնին ներկա գտնվելու ցանկություն հայտնել են։

«Խորովածի փառատոնը մի փոքր թերի կողմ ունի. մենք դեռ կանոնադրություն չենք մշակել։ Իսկ եթե չկա կանոնադրություն, այլ երկրներից մասնակցության համար խոչընդոտներ են առաջանում»,- ասաց Սեդրակ Մամուլյանը։

Փառատոնն ունի ժյուրի, որն էլ որոշելու է հաղթողներին։ Լինելու է 3 անվանակարգ՝ լավագույն համ ու հոտ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում։ Լինելու է նաև գլխավոր մրցանակ։

«Մասնակցության համար բոլորը կստանան պատվոգրեր, իսկ հաղթողները՝ այսինքն առաջին և երկրորդ տեղ գրավողները, կստատան գավաթներ»,- ասաց պարոն Մամուլյանը։

Նախորդ տարիների համեմատ այս տարի փառատոնի մասնակիցների թիվն ավելացել է, կմասնակցեն նաեւ անհատներ։

«Անհատները լինելու են զուտ նրա համար, որ տեղացիները կարողանան այդ օրը գումար վաստակել։ Փորձը ցույց է տվել, որ փառատոնի ընթացքում ոչ թե պետք է անվճար բաժանվի խորովածը, այլ վաճառվի»,- ասաց «Արենի Փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։