Կրակոցներ Երևանում. Կա վիրավոր
Մոտ մեկ ժամ առաջ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կրակոցներ են հնչել: Կա վիրավոր: Ըստ շրջանառվող լուրերի կրակոցները հնչել են ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Լիմոն Լանչ» սրճարանի շրջակայքում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց այդ լուրը:
«Հիմա հանգամանքները պարզվում են, քննություն է ընթանում, ավելի ուշ կմանրամասնենք, թե ինչ է տեղի ունեցել: Վիրավորին Դավիթ Անհաղթի պողոտայում գտնվող այգուց տեղափոխել են Միքայելյանի անվան հիվանդանոց, մնացած հանգամանքները պարզվում են»,-ասաց Աշոտ Ահարոնյանը:
Միքայելյանի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից «Ա1+»-ին հայտնեցին, որ կրակոցից վիրավորված քաղաքացին այս պահին գտնվում է իրենց բաժանմունքում: Իսկ թե ինչպիսին է նրա վիճակը, հիվանդանոցից ասացին, որ կգնահատեն ավելի ուշ:
Մենք կապ հաստատեցինք ԲՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի հետ, որը, իր ասելով, տեղյակ չէր տեղի ունեցածի մասին:
«Ես տեղյակ չեմ»,-ասաց նա՝ հավելելով, որ լավ չի լսվում և անջատեց հեռախոսը: Մենք փորձեցին կրկին կապ հաստատել նրա հետ, սակայն վերջինս արդեն անհասանելի էր։