Ծերանոցում հայտնվելն այնքան հեշտ չէ (տեսանյութ)
72-ամյա Տիկին Լենիկն արդեն երեք տարի է ապրում է թիվ 1 տուն-ինտերնատում` ընտանիքից, հարազատներից ու բարեկամներից հեռու: Նրա միակ զբաղմունքը կար ու ձևն է՝ օրը մթնեցնելու համար: Ինչպես ինքն է ասում, տուն-ինտերնատում բոլորն էլ նույն ճակատագիրն ունեն, տարբեր են միայն այստեղ հայտնվելու պատճառները:
«Սկզբի ամիսները շատ ծանր եմ տարել, շատ-շատ ծանր, իմ տղայի կնոջ մոր պատճառով եմ եկել այստեղ, բնակարանի հարցով ու իրա պատճառով եմ եկել այստեղ»,- ասաց նա։
Թիվ 1 տուն ինտերնատում այսօր բնակվում է 250 խնամյալ, հիմնականում կանայք:
Ի դեպ, Հայաստանում 4 տուն ինտերնատ է գործում, որտեղ հայտնվելն այնքան էլ հեշտ չէ: Ապաստան է տրվում միայն նրանց, ովքեր ներկայացնում են համապատասխան սոցիալական և բժշկական փաստաթղթեր:
«Սոցծառայության աշխատակիցը այցելություն է կատարում նրանց բնակարան, տեսնում է իրենց ընտանիքի վիճակը, զեկուցում է իր պետին և կազմվում է համապատասխան արձանագրություն, այսինքն եզրակացությու նրան ուղեգրելու տուն-ինտերնատ, կամ` ոչ»,- «Ա1+»-ին ասաց Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը։
Թեեւ տուն իտերնատում տեղ գտնելն այսօր շատ միայնակների երազանքն է, սակայն նրանք միշտ էլ իրենց հարազատների կարիքն ունեն, նույնիսկ այն դեպքում, երբ մշտապես ուշադրության կենտրոնում են, չունեն սննդի եւ բուժօգնության պակաս:
Հարազատների մասին, միայնակ այս տարեցները հիմնականում գերադասում են չխոսել; Միայն հիշեցնում են, որ ոչ ոք ծերությունից ապահովագրված չէ: