Ծառերը հատում են, կոճղերն էլ ՝այրում (տեսանյութ)
Արարարտի մարզի Նոր Խարբերդ գյուղում ծառեր են հատվել։ Կոճղերն էլ այրվում են, բնակիչների խոսքերով, «կատարված հանցագործությունը կոծկելու համար»։ Ըստ բնակիչների՝ ծառերը հատվել են հարեւանությամբ իրականացված շինարարության հետեւանքով։
Բնակիչների խոսքերով` այդ տունը պատկանում է Նոր Խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանին։
«Միանշանակ եմ հերքում, որովհետեւ շենքը ոչ իմն է, ոչ էլ խոսքի իմ բարեկամինն է, շենքը ուղղակի շենք է։ Եթե ծառը պիտանի լիներ, չէր կտրվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց գյուղապետը;
Նրա խոսքերով՝ ուժեղ քամու հետեւանքով դեկորատիվ բարդին շուռ էր եկել, վնասվել էին էլեկտրական լարերը եւ ճանապարհին խցանում էր առաջացել:
« Ծառերը պետք է հատվեն, քանի որ մեզ մոտ եկող երթուղայինները բարձր են, եւ ճյուղերը մտնում են երթուղայինի մեջ, խանգարում են երթեւեկությանը»,- ասաց նա։
Գյուղապետը նաեւ պարզաբանեց, թե այնուամենայնիվ կտրելուց հետո ինչու են ծառերը վառել:
«Էդ արմատը հո չի՞ մնա գետինը»,-ասաց նա՝ վստահեցնելով, թե առաջիկայում ծառեր են տնկելու։
Ի դեպ, գյուղում կարծես տիրում էր վախի մթնոլորտ, քանի որ բնակիչները խուսափում էին տեսախցիկի առջեւ խոսելուց։