Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աննախադեպ ակցիա Շուշիում

Հասարակություն
d0fcbad32a5d7aa8d85ffd71a62014c3

2012 թ. hոկտեմբերի 1-14 Շուշիում մեկնարկելու է ժամանակակից արվեստի անդրանիկ նախագիծը, որին մասնակցելու են շուրջ 20 ժամանակակից արվեստագետներ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև կազմակերպվելու է տեղի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրություն:

Ծրագրի մեջ ներառվելու են ժամանակակից արվեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լուսանկարչությունը, բացօթյա ներկայացումները, վիդեոարթը, լենդ-արթը, ինստալացիա և այլն: Ծրագրի շրջանակներում անվանի ռեժիսոր Սյուզան Խարդալյանը կաշխատի տեղի ուսանողների հետ, լուսանկարիչ Գերման Ավագյանը զոհված ազատամարտիկների ընտանիքներին համար իր նվիրաբերում-ակցիան կիրականացնի, արվեստագետները կաշխատեն Շուշիի նշանավոր պատմամշակութային շենքերի տարածքներում և անմիջապես հողի վրա, տեղի են ունենալու կլոր-սեղան-հանդիպումներ լրագրողների, տեղի և հրավիրյալ արվեստագետների միջև, համերգով է հանդես գալու «Նարեկացի» արվեստի միության երգչախումբը: Փառատոնն ամբողջությամբ նկարահանվելու է: Նախագծի ավարտից հետո այն ներկայացվելու է Երևանում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Շուշիում ստեղծված գործերի մի մասը կնվիրաբերվեն քաղաքին:

Շուշի Արթ Փրոջեքթը (ՇԱՓ) անկախ արտիստական նախաձեռնություն է` ԼՂՀ Շուշի քաղաքում հիմնելու և պարբերաբար կազմակերպելու ժամանակակից արվեստի նախագիծ-փառատոն: Նախագծի կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է համանուն հասարակական կազմակերպությունը:
ՇԱՓ-ի նպատակներից են ժամանակակից արվեստի միջոցով Շուշիում տարաբնույթ ներդրումներ կատարելը, բացառիկ պատմամշակութային ստրատեգիական նշանակություն ունեցող այս քաղաքի արժևորումը, միջազգային հանրության, զբոսաշրջիկների, արվեստագետների և մշակութային հաստատությունների ուշադրությունն այստեղ հրավիրելը: