Նոր նախագահ են ընտրել
Այսօր` սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ընտրվել է հանձնաժողովի նոր նախագահ:
Նիստին մասնակցել է հանձնաժողովի 91 անդամ: Նիստը ղեկավարել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանը, ՀԽ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ և ՀԽ նախկին անդամ, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Հիշեցնենք, որ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունը պայմանավորված էր Դերենիկ Դումանյանի` ՀԽ անդամի լիազորությունները դադարեցվելու հանգամանքով (ՀԽ կանոնադրության համաձայն, նախարար նշանակվելու դեպքում անձն այլև չի կարող լինել Հանրային խորհրդի անդամ, ուստի և հանձնաժողովի նախագահ):
Մինչ նիստի օրակարգային բուն հարցին անցնելը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Դերենիկ Դումանյանին` Հանրային խորհրդում կատարած արդյունավետ աշխատանքի համար:
Իր հերթին Դերենիկ Դումանյանը շնորհակալություն է հայտնել նախկին գործընկերներին և որպես նախարար` վստահեցրել, որ Հանրային խորհրդի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից բարձրացված յուրաքանչյուր դիտողություն, ահազանգ կամ առաջարկ ամենայն մանրամասնությամբ կքննարկի Առողջապահության նախարարությունում:
Այնուհետև հանձնաժողովի անդամների կողմից` որպես հանձնաժողովի նախագահի միակ թեկնածու, առաջադրվել է հանձնաժողովի անդամ, ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը, որն էլ փակ, գաղտնի վեարկության արդյունքում ընտրվել է հանձնաժողովի նախագահ` 84 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հանձնաժողովի անդամները Հայրապետ Գալստյանի թեկնածությունն առաջադրելն ու պաշտպանելը բացատրել են առողջապահության ոլորտում նրա ունեցած մեծ
վաստակով, հասարակական ակտիվությամբ և միջազգային դաշտում ունեցած
հեղինակությամբ:
Վազգեն Մանուկյանը, շնորհավորելով Հայրապետ Գալստյանին, նշել է. «Ուրախ
եմ, որ Հանրային խորհուրդն առողջապահության ոլորտում նման արժանավոր մարդ
է ներկայացնելու»:
Նա նաև նշել է, որ մինչ օրս Առողջապահության և սոցիալական հարցերի
հանձնաժողովի կարծիքը մեծ ազդեցություն և հեղինակություն է ունեցել
կառավարության համապատասխան որոշումների ընդունման ժամանակ` հույս
հայտնելելով, որ այսուհետ հանձնաժողովն է´լ ավելի լուրջ դերակատարում
կունենա ոլորտի բարեփոխման գործում: