Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1959թ ծնվածը Հայրենականին մասնակցե՞լ է

Հասարակություն
a1010de401716a47a68292c9f1d4d92a

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Վերահսկիչ պալատի 2011թ» հաշվետվությունը, որը բաղկացած է 34 ընթացիկ հաշվետվություններից: Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմում է 1մլդ 609 մլն դրամից ավելի, որից 18 մլն ծավալով գործերն ուղարկվել են դատախազություն, 475 մլն դրամ վերականգվել է պետբյուջե:

Վերահսկիչ պակատը պետական սեփականության օգտագործման առումով մի շարք թերություններ ու ռիսկեր է հայտանաբերել, այդ թվում՝ պետական գույքը շուկայականից ցածր գնով է վարձով տրվում, պետական շատ օբյեկտներ կամ անարդյունավետ են շահագործվում՝ վնասով են աշխատում, կամ չեն օգտագործվում ընդհանրապես:

Շինարարության ոլորտում Վերահսկիչ պալատը եւս թերացումներ է արձանագրել, մասնավորապես ձեւականորեն տրված փորձագիտական եզրակացություններ ու արհեստսկան ուռճացված տոկոսադրույքներ:

«Շինարարության ռեալ ծախսերին ավելանում է շուրջ 80 տոկոս, կան նույնիսկ աշխատանքներ, որտեղ այդ տոկոսները կիրառելն անթույլատրելի է: Իսկ անորակ աշխատանքը եւ օգտագործվող շինանյութերը վկայում են այն մասին, որ տարիներ շարունակ այս ոլորտում մենք խնդիր ունենք: Սերժ Սարգսյանը հրահանգել է մաքրել այդ տոկոսադրույքները, որոնք կարող են հիմք դառնալ չարաշահումների համար»,- հայտարարեց նա։

Ինչ վերաբերում է գնումների ոլորտին, ապա, ըստ Իշխան Զաքարյանի ներկայացրած տվյալների, այստեղ ունենք անարդյունավետ, ոչ մրցունակ ու խտրականային մոտեցումներ. «Ներկայացված գները շեղվում են շուկայականից՝ վնասելով պետական բյուջեն ու արդյունքում հակամրցակցային խնդիրներ են առաջ գալիս, իսկ անցկացվող մրցույթներն էլ շատ հաճախ ձեւական են լինում»։:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, արձագանքելով Իշխան Զաքարյանի ելույթին, նշեց, թե ուզում է հասկանալ՝ ինչքան պետք է շարունակվեն այդ խախտումները.
« Անհնարին է գնալ, նստել պետական գերատեսչություններում ու տեսնել՝ ով ինչ է անում, պետք է խնդիրներին գլոբալ լուծում տալ»:

Պարոն Զաքարյանն ընդգծեց, որ օպերատիվ վերահսկողությունը դա գնալ ու հիմնարկում նստելը չէ, այլ պետք է մշակվեն հատուկ մեխանիզմներ դրանք կարգավորելու:

«Կարող եմ միայն հավաստիացնել, որ բազմաթիվ կամայականություններ ուղղակի վերացել են: Նույնիսկ լկտիությունը հասնում էր նրան, որ 1959թ. ծնվածը ստանում էր Հայրենական մեծ պատերազմի մասնակցի պատվովճար»,- ասաց նա։

Իշխան Զաքարյանը նաեւ նշեց, որ մինչեւ նոյեմբերի 1-ը ԱԺ կներկայացնեն նաեւ 2013թ. ծրագիրը:

«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք միայն պատժիչ կառույց չենք, այլ շտկում ենք բացահայտված խնդիրները: Ի դեպ, իրավապահ մարմիններին այս տարվա ընթացքում ուղարկել ենք 3 դեպք, իսկ սոցիալական ոլորտում, գիտեք, մեծ գործ է հարուցված, ու այն դեռ ընթացքի մեջ է»,- հայտարարեց նա։