Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

FAF-ը երթ է կազմակերպելու Սոֆիայում

Հասարակություն
995b3b07e49954861b5534bc53d3ebf8

Հայկական առաջին ճակատ (FAF) ֆան ակումբի 50 անդամները ներկայումս գտնվում են Սոֆիայում եւ պատրաստվում են ֆուտբոլի աշխարհի առաջնության Բուլղարիա - Հայաստան ընտրական խաղին:

«Ա1+»-ի մարզական թղթակիցը կապվեց FAF-ի ղեկավար խորհրդի ներկայացուցիչ Սերգեյ Ջանջոյանի հետ եւ պարզեց, թե մեր ֆաները ինչ են պլանավորել խաղից առաջ:

«Այսօր առավոտյան մենք եղել ենք Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայում եւ ստացել մեզ հասանելիք տոմսերը: Հանդիպումից երկու ժամ առաջ մենք, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի մնացած երկրպագուները, որոնք ժամանել են Բուլղարիայի տարբեր քաղաքներից եւ այլ երկրներից, հավաքվելու ենք «Վասիլ Լեւսկի» մարզադաշտից 500 մ հեռավորության գտնվող հրապարակում: Այդտեղից երթով շարժվելու ենք դեպի մարզադաշտ: Ինչպես ընդունված է միջազգային խաղերի ժամանակ, մեզ առանձին տրիբունա է հատկացվելու»:

Մեր այն հարցին, արդյոք ճիշտ են այն լուրերը, որ երեկ ընդհարում է տեղի ունեցել բուլղարացի եւ հայ երկրպագուների հետ, Սերգեյ Ջանջոյանը ասաց:

«Ես անձամբ ներկա չեմ եղել այդ միջադեպին, բայց երեկ երեկոյան տեղի սափրագլուխները փորձել են պարզել հարաբերությունները մեր մի քանի երկրպագուների հետ: Բայց բախում չի եղել, եւ թեթեւակի հրմշտոցից հետո սափրագլուխները հեռացել են: Տուժողներ չկան, բոլորն էլ ողջ-առողջ են» - նշեց Սերգեյ Ջանջոյանը: