Դատում են ԳԽ պատգամավորին
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ գործով այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տվեց նույնպես նախկին պատգամավոր, գործով տուժող Մեխակ Գաբրիելյանը:
Նա հայտնեց, որ 1988թ. ի վեր իր ընկեր Ս. Ղազարյանը 2006թ. առաջարկել է իրեն որոշակի գումար տրամադրել որոշակի տոկոսով՝ պարտքի մայր գումարը կազմել է 120 հազար ԱՄՆ դոլար, տոկոսավճարն սկզբնապես կազմել է 3,5, ապա նաև 5 և 10 տոկոս:
2011 թ. մարտին պարտքի ու տոկոսի վերջին մասը վճարելու ժամանակ Ս. Ղազարյանը հրաժարվել է ստացական տալ՝ հայտարարելով, որ ևս 10 հազար դոլար պետք է վճարի դոլար-դրամ փոխարժեքի տատանումների դիմաց:
Դա իր համար անընդունելի է եղել, քանի որ պարտքը վերցրել ու վճարումները կատարել է դոլարով:
Ընդհանուր առմամբ, տուժողի հաշվարկով միայն վճարված տոկոսի գումարը կազմել է 190. 725 ԱՄՆ դոլար:
Տուժող կողմի ներկայացուցիչ Հրանտ Գևորգյանը միջնորդեց 190. 725 ԱՄՆ դոլար բռնագանձել ամբաստանյալ Ս. Ղազարյանից՝ հօգուտ Մ. Գաբրիելյանի և վերջինիս ճանաչել քաղհայցվոր:
Դատարանում հետազոտվեցին գործով գրավոր նութերը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի (նախագահող դատավոր` Արշակ Վարդանյան), սեպտեմբերի 27-ի նիստում հավանաբար կապահովվի վկաներ Ավագ Հարությունյանի ու Շանթ Հարությունյանի մասնակցությունը: Նախատեսվում է նաև, որ պաշտպանական կողմը լրացուցիչ կհարցաքննի տուժողին, ապա ցուցմունքներ կտա ամբաստանյալ Ս. Ղազարյանը:
«ՓԱՍՏԻՆՖՈ»