Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ Խաչի տոնը ՝ թանկացման առիթ

Հասարակություն

Տոն օրերը շուկայի վաճառողների համար ևս մեկ հնարավորություն է իրենց ապրանքն ավելի թանկ գնով վաճառելու համար։ Սուրբ խաչի տոնը, որը Հայ առաքելական եկեղեցին այս տարի նշում է սեպտեմբերի 16-ին, բացառություն չէ։

«Դե ասենք ամեն ինչն էլ այս օրերին թանկ է, ամեն ինչն էլ մի քիչ թանկով ենք վաճառում, 50 դրամով թանկ»,- ասաց ԳՈՒՄ-ի շուկայի վաճառողուհի Անահիտ Ավագյանը ։

Միևնույնն է՝ վաճառողները դժգոհում են։ Ասում են՝ թեև այս օրերին ապրանքներն ավելի թանկ են վաճառվում, անցյալ տարվա համեմատ գներն էժանացել են։ Իսկ գնորդներ չկան։

«Դեռ ավելի էժանանում է, չի թանկանում։ Եթե անցած տարի մենք վաճառում էինք հաճարը 700 դրամ, հիմա համարյա 600 է» , ասում է Քնարիկ Ղամբարյանը։ Ի դեպ, սուպերմարկետներում հաճարը թանկացել է` մեկ կիլոգրամն արժե 1300 դրամ:

Սուրբ խաչի տոնը Հայ առաքելական եկեղեցին նշում սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը։ Սա 5 տաղավոր տոներից վերջինն է և խորհրդանշում է քրիստոնեության անպարտելիությունը։

«Մարդիկ պարտադիր պետք է գան եկեղեցի, մասնակցեն պատարագին և հաղորդակից դառնան խաչի խորհրդին»,-ասաց Տեր Դավիթ քահանա Սահակյանը։

Քահանան տեղեկացնում է՝ այդ օրը չի կարելի գնալ գերեզմանոց, ինչպես ընդունված է շատերի մոտ։ Տեր Դավիթը բացատրում է, որ սա ոչ թե սգո արարողություն է, այլ տոն։

«Յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը, ինչպես ընդունված է, եկեղեցին նշում է նաև մեռելոցը ի հիշատակություն մահացածների այդ օրը պատարագ է մատուցվում եկեղեցում, պտարագից հետո այցելություն են կատարում նաև ննջեցյալներին»,-ասում է քահանան։

Մեր քաղաքացիներն, այնուամենայնիվ, եկեղեցական այս տոնը նշում են տարբեր կերպ։

«Սուրբ Խաչը տոն է , որը մարդիկ պետք է լավ նշեն, բայց գնում են գերեզմաններ չգիտես ինչու, չնայած դրա համար գոյություն ունի երկուշաբթի օր»,-ասաց Անի Կուզիկյանը։

Իսկ տիկին Ռիման նշում է, որ իրենք այդ օրն եկեղեցի են գնում, մոմ վառում, նպատակ պահում. «Եթե հանգուցյալ ենք ունենում գնում ենք հանգուցյալի գերեզմանններ պատրաստում ենք ընդհանրապես գառան մսով փլավ թոնրի մեջ»։