Երեւանից ոչ շատ հեռու... անջուր եւ անլույս
Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչներն, ինչպես իրենք են ասում, դժվարությամբ են մթնեցնում իրենց օրը: Նրանց մի մասն ապրում է կիսաքանդ տնակներում։ «12 տարի է՝ դոմիկում ենք ապրում։ Մեր ջուրը կրովի ա։ Ոռոգման ջուրն էլ է կրովի՝ դույլերով բերում, մարգ- մարգ ջրում ենք»,- ասում է գյուղի բնակիչ Կարինե Դրբոյանը։ Ջրի բացակայության պայմաններում գյուղացին չի կարողանում օգտվել եկամտի իր միակ աղբյուրից՝ չի կարողանում հող մշակել:
«Որ ջուր լինի, բադրջանը, բիբարը, վարունգը նորմալ կլինեն, չեն դեղնի։ Ինչ ցանում ես, նորմալ դուրս չի գալիս»,- ասում է տիկին Կարինեն, ով երկու անչափահաս երեխաներ ունի
Խմելու եւ կենցաղում օգտագործելու ջրի համար գյուղի կանայք ամեն օր ստիպված են մոտ կես կիլոմետր քայել: «Ջուրը գնում ենք՝ գլիկով բերում ենք ուրիշի բակից։ Մեկ-երկու, կասի մի եկեք ջուր տանելու»,- ասում է Սոխակ Երեմյանը։
Տիկին Սոխակն իր ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ արդեն 13 տարի է՝ ապրում է տնակում։ Նրանք զուրկ են նույնիսկ կենցաղային ամենատարրական պայմաններից։
«Ոչ մի բան չունեմ։ Մի հատ հեռուստացույց ունեմ, երկու հատ էլ մահճակալ։ Լույսը թույլ է, լարերը կախված են, նոլը գետնից ա։ Պետք ա իբր բերեին՝ փոխեին, բայց ոչ մի բան չեն անում»,- ասում է տիկին Սոխակը։ Նույնիսկ սարսափում է այն մտքից, որ փոքր տղան խաղալիս կարող է հոսանքահարվել։
Տիկին Սոխակի ամուսինը տարվա մեջ աշխատում է ընդամենը մի քանի օր։ Ընտանիքը գոյատեւում է հիմնականում ամռան ընթացքում պահածոյացրած մթերքի հաշվին: «Ամուսինս, որ գործ ա լինում, գնում, անում է։ Ինքը սվաղ անող է։ էդ ձևով ենք ապրում։ Բայց ամբողջ ձմեռ չի աշխատում։ Ուրիշ հնարավորություն չունենք։ Էս պահին որ տանեմ- ցույց տամ, խանութներին ահավոր պարտք ենք»,- ասում է տիկին Սոխակը։ Իսկ խանութների պարտքը հասնում է 70 հազարի։
Պարտքը վճարելուց բացի տիկին Սոխակը ևս մեկ մեծ հոգս ունի՝ ինչով ծածկել երեխանների մերկությունը: Բարեկամների եւ ծանոթների տված, երբեմն հնամաշ հագուստով այդ խնդիրը լուծել հնարավոր չէ։