Ամենահեշտ տարբերակը քանդելն է
Երեւանի պատմական հուշարձան համարվող շենքերի ճակատագրով մտահոգված մի խումբ քաղաքացիներ այսօր «քաղաքացիական ստուգայցներ» իրականացրին քանդման վտանգի տակ գտնվող պատմական հուշարձան համարվող շենքերում: Ստուգայցի մասնակիցներն ասում են ` իրենք գալիս են վերահսկելու պետության եւ, մասնավորապես, Մշակույթի նախարարության վերահսկածը:
«Այս շինությունները ոչ թե ինչ- որ մեկի, այլ ընդհանուր սեփականություն են, և սրանով պետք է մտահոգված լինի թե՛ գլխավոր ճարտարապետը, թե՛ քաղաքապետը, և թե՛ նախագահը»,- ասաց «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը։
Ինչպես նրա, այնպես էլ ցույցի մասնակիցների համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչ է սպասվում Աֆրիկյանների տանը, Փակ շուկային, և պատմական հուշարձան համարվող այլ շինություններին, որոնք ապամոնտաժման վտանգի տակ են։
Մասնակիցների առաջին կանգառը Երևանի Փակ շուկան էր, որից հետո ակտիվիստները շարժվեցին դեպի Աֆրիկյանների տուն: Տերյան փողոքում գտնվող այդ շենքը, ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, ապամոնտաժվելու է՝ փողոցը լայնացնելու նպատակով: Ցուցարարները հավաստիացնում են` թույլ չեն տա փոշիացնել քաղաքի պատմությունը։
«Ամենահեշտ տարբերակը քանդելն է և խոստանալ, որ կվերակառուցվի։ Սակայն կա նաև հարցի մյուս կողմը՝ «Հին Երևան» ծրագիրը դեռևս իրականացված չէ, և մենք չենք տեսնում հստակ օրինակները այն շենքերի, որոնք ապամոնտաժվել և կրկին վերակառուցվել են»,- ասաց «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը։
Նախաձեռնության մասնակիցները պահանջում են Մշակույթի նախարարությունից և քաղաքապետարանից դադարեցնել այսպես կոչված կոսմետիկ բարենորոգումները եւ վերջ տալ քաղաքի իրական ավերմանը: