Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը խաչակնքվել է եւ մոռացել

Հասարակություն
bd73f2110593b160da5513bd8bd2137b

Տարբեր տարիներին իրենց մասնագիտական պարտքը կատարելիս հաշմանդամ դարձած օդաչուները 2006թ.-ի սեպտեմբերի 1-ից չեն ստանում օրենքով սահմանված փոխհատուցումը: Պատճառն այն է, որ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Նախկին օդաչուներն այսօր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ էին:

«Այսօր մենք Սերժ Սարգսյանից խնդրում ենք պաշտպանել մեր սահմանադրական իրավունքները: Եթե մեր իրավունքները պաշտպանվեն, մենք անպայման կստանանք մեր փոխհատուցումը»,- ասաց «Հաշմանդամ օդաչուներ» ՀԿ նախագահ Դավիթ Դավթյանը: Օդաչուները 4 տարի անընդմեջ պայքարում են իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: 4 տարվա ընթացքում միայն բանավոր խոստումներ են ստացել, որը նրանց չի բավարարում: «Ես միայն գրավոր խոստումներ եմ սիրում: Գոնե մի թուղթ տան, որ ես իմանամ՝ խաբում են մեզ, թե ոչ»,-ասաց պարոն Դավթյանը:

«Հաշմանդամ օդաչուներ» ՀԿ նախագահն ասում է, որ բազմաթիվ ցույցերն ու բողոքի ակցիաները, որոնք անցկացվել են Կառավարության առջև ոչ մի օգուտ չեն տվել՝ վարչապետը երբեք չի արձագանքել իրենց բողոքներին: «Վարչապետն ամեն օր Կառավարության ներսում էր, մենք՝ դրսում տարվա բոլոր եղանակներին: 4 տարի եղել ենք այնտեղ: Վարչապետը մի օր ուշադրություն չդարձրեց օդաչուներին: Սա այն դեպքում, երբ օդանավ նստելուց խաչակնքվում է, իջնելուց էլ ծափ է տալիս: Մենք էլ նույն օդաչուներն ենք, չէ՞: Մոռացա՞վ մեզ»,- ասաց Դավիթ Դավթյանը:

118 հաշմանդամ օդաչուներից այսօր ողջ են միայն 68-ը: 72-ամյա Վանիկ Մաիլյանը նրանցից մեկն է: 1976թ.-ին ինքնաթիռի վրա աշխատանք կատարելիս ընկել է և վնասել գլուխը: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է: «Մենք այժմ փող չունենք, որ դեղորայք գնենք: Այժմ պահանջում ենք, որ վճարեն բոլոր ամիսների չվճարված փոխհատուցումը, ինչպես նաև այսուհետ ամեն ամիս վճարեն մեզ, ինչպես նախկինում»,- ասաց պարոն Մաիլյանը:

Օդաչուները հույսները չեն կորցնում: Հավատում են, որ մի օր անպայման կվերականգնվի արդարությունը: Ասում են՝ մեզ չեն կարող չվճարել՝ օրենքը մեր կողմն է: