Հայ գործարարը գյուղ է գնել
Հայազգի գործարար Սեյրան Վարագյանը գնել է ՌԴ Չելյաբինսկի մարզում գտնվող Նարովչատկա գյուղը:
Ինչպես տեղեկացնում է НТВ հեռուստաընկերությունը, նախկին սովխոզը վաճառքի է հանվել այն բանից հետո, երբ դատարանը սնանկ է ճանաչել այն:
Աճուրդի ժամանակ Սեյրան Վարագյանը ձեռք է բերել գյուղի ողջ տարածքը, ջերմոցները, ֆերմաները, անասունները, գյուղատնտեսական տեխնիկան, կաթսայատունը եւ գերատեսչական տները:
Կոլտնտեսության տնօրենը ժամանակին պայմանագիր չի կնքել աշխատողների հետ` սոցիալական վճարումներ կատարելու համար, ինչի պատճառով բնակիչները չեն կարողացել սեփականացնել այն տները, որոնք օրենքով իրենք էին կառուցել:
Այն, որ գյուղը վաճառված է, բնակիչները տեղեկացել են, երբ Սեյրան Վարագյանը պահանջել է ազատել իրեն պատկանող տները: Գործարարը հայտարարել է, որ ինքը պատրաստ է վաճառել այդ բնակարանները բնակիչներին, սակայն` շուկայական գներով:
Ըստ լրատվամիջոցի, առաջիկա ձմռան շեմին Նարովչատկա գյուղում փողոցում կարող են հայտնվել 110 մարդ, այդ թվում 40 երեխա: