Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոբելյան մրցանակակիրները կժամանեն Հայաստան

Հասարակություն
dae53910945505e5758b5b2ca49abf58

Նոյեմբերի 2-6-ը «Գիտությունն առաջին ձեռքից» դասախոսությունների շարքի շրջանակներում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Երևան է հրավիրել երկու անվանի գիտնականներ, ֆիզիոլոգիա ու բժշկություն անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր` ասպետ Թիմաթի Հանթը և քիմիա անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր` Մարտին Չալֆին:

Նոյեմբերի 4-ին Մատենադարանի նորակառույց մասնաշենքի դահլիճում ՀԿ-ն ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ: Նույն օրը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» աջակցությամբ տեղի կունենա «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով կլոր սեղան քննարկում Նոբելյան մրցանակակիրների հետ:

Թիմաթի Հանթ
Դասախոսության թեմա՝ Քաղցկեղի հիմնախնդիրը

Թիմաթի Հանթը Նոբելյան մրցանակի է արժանացել 2001թ.-ին, բջջային ցիկլի կարգավորման մեջ մեծ դեր խաղացող սպիտակուցների` ցիկլինների բացահայտման համար: Ի դեպ նա 100-րդ Նոբելյան մրցանակակիրն է: Հանթը նաև աշխարհի ամենահեղինակավոր կենսագիտական կազմակերպության` Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության նախագահն է (EMBO), Լոնդոնի Արքայական գիտական ընկերության (ԱԳԸ) անդամ է, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2006թ.-ին Հանթին շնորհվել է ԱԳԸ բարձրագույն պարգև` արքայական մեդալ: Նույն թվականին Անգլիայի թագուհին նրան շնորհել է ասպետի աստիճան:

Մարտին Չալֆի
Դասախոսության թեմա՝ Կանաչ ֆլոուրեսցենտային սպիտակուց. լուսավորելով կյանքը

Մարտին Չալֆին ամերիկացի գիտնական է, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր է, որտեղ նաև զբաղեցնում է կենսաբանական գիտությունների բաշնի ղեկավարի պաշտոնը: Չալֆին Նոբելյան մրցանակի է արժանացել 2008թ.-ին, բնագիտության տարբեր ոլորտների հետազոտություններում կարևոր դեր խաղացող կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցների (GFP) հայտնաբերման և դրանց հետագա զարգացման համար: 2004թ.-ին Չալֆին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ: