Փոխգնդապետը կխոսի հոկտեմբերի 4-ին
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը հաջորդ դատական նիստում հնարավոր է ասի, թե ինչու էր ուզում պայթեցնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը։ Բայց այսօր արդեն ընդունեց իր մեղքը։
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նրա գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 4-ը։ Վարդան Սամվելյանը հենց այդ նիստում կասի իր վերջին խոսքը։ Իսկ այսօր մեղադրող դատախազը պահանջեց նրան դատապարտել վեց ամսվա ազատազրկման եւ գանձել 200000 դրամ տուգանք։
Վարդան Սամվելյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանի միջնորդության համաձայն դատավարությունը ընթանում է արագացված ընթացակարգով, այսինքն վկաներին չեն լսելու։՛
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի՝ դաժան ծեծի հետեւանքով սպանության փաստից զայրացած Վարդան Սամվելյանը զինամթերքով մուտք էր գործել «Հարսնաքար» ռեստորան եւ սպառնացել պայթեցնել այն:
Վարդան Սամվելյանը ձերբակալվել է ՀՀ Քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցանք կատարելու կասկածանքով: