Նախարարին զեկուցել են, թե հետքեր չկան (տեսանյութ)
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում այսօր կասկած հայտնեց, թե սեպտեմբերի 18-ին բնապահպանական արշավ է եղել Խոսրովի արգելոց եւ այնտեղ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որսի հետքեր գտել։
«Մեր տվյալներով՝ նման այցելություն, նման արշավ չի եղել: Մեզ չեն դիմել, թույլտվություն չեն ստացել, եւ վերջին շրջանում հաշվի առնելով այս նմանատիպ խնդիրների կարեւորությունը՝ ես հրահանգել էի, որպեսզի մուտքուելքը Խոսրովի արգելոց անպայման լինի թույլտվությամբ եւ ուղեկցողով»,- ասաց Արամ Հարությունյանը։
Բնապահպանները երեկ հայտարարել եւ տեսանյութ էին տարածել, որ իրենց արշավի ժամանակ արգելոցի Կաքավաբերդի տեղամասում հայտնաբերել էին նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ։ Նրանք նաեւ նշել էին, որ արգելոց են մտել անարգել։
«Մենք հիմա խնդիր ունենք, որպեսզի մենք ճշտենք, թե այդ գործողությունները որ տարածքում են եղել, արդյոք դա եղել է Խոսրովի անտառի արգելոցի տարածքում, թե ոչ... Այսօր առավոտյան ինձ զեկուցեցին, ժամը 8:30-ի սահմաններում ինձ զեկուցեցին, որ դեռեւս այդ տարածքը հայտնաբերված չէ, բայց եւ այնպես մեզ համար անհրաժեշտ է, որ այդ տարածքը գտնենք, հետո տեսնենք Խորովի անտառի արգելոցի տարածքում է, թե տարածքից դուրս է»,- ասաց նախարարը։
Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրինությանը հանձնարարել է համապատասխան նյութեր նախապատրաստել արգելոցում իրականացված ապօրինի որսի վերաբերյալ եւ ներկայացնել ոստիկանություն։