ԱԻ նախարարը պատրաստ է լսել «փրկիչներին»
Միանգամից 3 «փրկիչ» այսօր հավաքվել են կառավարության 700 քառակուսի մետրանոց հրապարակում: Ստեփան Առաքելյանը վստահեցնում է, որ 130 գյուտի հեղինակ է։
«Դրանք բոլորն իմ գյուտն են` բենզինի տեսակները, ինքնաթիռները բազմաշարժիչ, ուղղաթիռները»։
Ինքը կառավարությունից նախ պահանջում է իր 130 գյուտերից ստացված եկամուտի 6 տոկոսը. «Միլիարդների մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը»:
Այնուհետեւ Ստեփանն ասում է, որ իր միլիարդներն ստանալուց հետո աշխարհն ամեն ինչ պիտի անի՝ փրկելու համար մեր իշխանություններից, չափածո ձեւակերպել է` կառավարությունում բորենիներ են նստած. «Բա գրել եմ, կարդում եմ, ասում եմ, սրանք բանդա են, ոհմակ են, աստղաստան աշխարհը զավթել են սրիկաները»:
Իշխանական տոհմից սերված Միխայիլ Հունանյանի աշխարհի փրկության մասին ծրագրերին նամակով անդրադարձել է Շվեյցարիայի նախագահը. «Միսիս նախագահը գրել է, որ հաղորդեն շնորհակալություններ անձամբ ինձ եւ ընկերներիս»։
Աշխարհի փրկության մասին հաջորդ նամակը պարոն Հունանյանը գրել է Ռուսաստանի նախագահին, այնտեղից էլ են պատասխանել, բայց մեր կառավարությանը: Այն էլ հորդորով` լսեք այս մարդուն
Իսկ Համլետ Մխիթարյանն այժմ մտածում է միայն աշխարհի գլոբալ տաքացման մասին. « Սառույցները հալվում, շոգը վրա ա տալիս...»:
Համլետը պայքարում է իր գործընկերոջ` Ստեփան Առաքելյանի գյուտերի` բենզինի, վառելիք ծախսող շարժիչների դեմ: Աշխարհի կառավարություններին ասում է` փակեք ատոմակայանները եւ գետերի վրա ՀԷԿ-եր սարքեք, լսող չկա։
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ոչինչ չէր լսել աշխարհի հայ փրկիչների մասին, բայց պատրաստ է լսել առայժմ հայկական աշխարհի բարգավաճմանը վերաբերող նրանց մտքերը
«Ինչ վերաբերվում է փրկությանը, որ վերաբերվում ա մեր ազգին ես պատրաստ եմ բոլորին լսել եւ քննարկել»,- ասաց նախարարը։