Նոր բեմը՝ հունվարի 31-ին
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կատարվող շինարարական աշխատանքները կավարտվեն 2013թ. հունվարի 31-ին։ Թատրոնի բեմն ամբողջությամբ նոր տեխնիկայով վերազինելու համար կառավարությունը տրամադրել է 6 մլն. դոլար։ 1960-ական թվականներից շահաջործվող բեմական տեխնիկան ամբողջությամբ կփոխվի։
Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասում է՝ հին տեխնիկայի պատճառով եղել են դեպքեր, երբ հազիվ են խուսափել դժբախտ պատահարներից։
«Ներկայացումներ են եղել, որի ժամանակ արգելակման համակարգը չի աշխատել և ամբողջ դեկորը վերևից ընկել է բեմի վրա։ Եթե այդ ժամանակ դերասան լիներ բեմում, մենք կարող էինք զոհեր ունենալ»,- ասաց Կամո Հովհաննիսյանը։
Օպերայի և բալետի թատրոնի բեմը տեխնիկապես վերազինելու աշխատանքներն իրականացնում է ավստրիական «Waagner Virgo» կազմակերպությունը։ «Առաջին անգամ երբ տեսանք բեմը, անմիջապես հասկացանք, որ այն լուրջ վերանորոգման կարիք ունի»,- ասաց նախագծի ղեկավար Գրեգոր Վերհունը։
Ավստրիացի մասնագետներն ասում են՝ բեմի տեխնիկան հնարավոր էր աշխատացնել մի որոշ ժամանակ ևս, բայց այդ դեպքում աստիճանաբար շարքից դուրս կգար ողջ համակարգը։ «Կառավարման նոր համակարգը կարող եք օգտագործել ավելի քան 20 տարի, իսկ մեխանիկական համակարգը հնարավոր է օգտագործել 16 տարի»,- ասաց Գրեգոր Վերհունը։
60-ական թվականներից ի վեր Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը վերանորոգվել է 2 անգամ։ Առաջինը՝ 1980-ականներին, երբ շենքի տեխնիկական համակարգը նորոգվել է մասամբ։
«Շենքը նորոգվել է նաև 2001թ. Լինսի հիմնադրամի ծրագրի շրջանակներում, որի համար տրամադրվել էր ընդամենը 2 մլն դոլար»,-ասաց Կամո Հովհաննիսյանը։
Այդ ժամանակ բեմում միայն կոսմետիկ վերանորոգում է կատարվել։
Շինարարական աշխատանքները կավարտվեն ճիշտ ժամկերտերում։ Իսկ 2013 թվականին փերտրվարի 1-ից Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմը կունենա նոր տախտակամած, նոր լուսաձայնային համակարգ, ինչպես նաև ամբողջովին նոր տեխնիկական համակարգ։