Լա՞վ կյանքից են դիմում աչքի բժշկի (տեսանյութ)
Վերջին շրջանում Հայաստանում ավելացել է ակնաբուժական կենտրոններ այցելողների թիվը:
Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը դրա համար անսպասելի բացատրություն ունի.
Ըստ նրա՝ ոչ թե հիվանդություններ են ավելացել, այլ մարդիկ են սկսել լավ ապրել , եւ բացի այդ՝ գործում են նաև ակնաբուժական լավ կենտրոններ: Խոսքը Երևանի մասին է:
«Մի փոքր անհավասարություն գոյություն ունի Երևանի ակնաբուժական զարգացման մակարդակի և մեր մարզերում եղած ակնաբուժության մակարդակի միջև։ Ցավոք, ինչքան գնում է՝ ճեղքվածքն ավելի է լայնանում»,-ասաց պարոն Մալայանը:
Այս խնդիրն առանց կառավարության միջնորդության լուծել հնարավոր չէ, վստահեցնում է ակնաբույժը: Պարոն Մալայանը խոսեց նաև աչքի ամենատարածված հիվանդությունների մասին.
«Մեր ուշադրությունը բևեռված է շաքարային դիաբետի ակնային արտահայտվածությունների բարդությունների և ներակնային ճնշման բարձրացման աճին, քանի որ երկուսն էլ, ցավոք, բերում են անվերադարձ անբուժելի կուրության»:
Եթե վերը նշված երկու հիվանդությունների բուժումը կարող են հսկել միայն բժիշկներն, ապա աչքերի հոգնածությունը, որը համակարգչի դիմաց երկար նստելու հետևանք է, կարող է թոթափել յուրաքանչյուր մարդ:
«Գոյություն ունեն օրինակ ակննագնդի շարժումներ. փակ կոպերի պայմաններում կատարում եք ակնագնդերի շարժում` հորիզոնական, ուղղահայաց առանցքում, պտուտակային` սկզբից ժամացույցի սլաքի ուղղությամբ, հետո հակառակը: Ամենակարևորը, որ այդ շարժումները կատարվեն լիարժեք, մինչև վերջ: Օրական 3-4 րոպե` 3-4 անգամ»,-խորհուրդ տվեց ակնաբույժ Մալայանը: