Հայաստանը` ծերացող երկիր
Հայաստանն ըստ միջազգային դասակարգման համարվում է ծերացող երկիր: Կանխատեսվում է, որ մինչև 2050թ. Հայաստանում բնակվող 60-անց մարդկանց թիվը կկրկնապատկվի` 469.000-ից հասնելով 885.000-ի: Այսօր տարեցների միջազգային օրն է:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներկայացնելով զարգացած երկրների պատկերն, ընդգծեց, որ այդ երկրները համարվում են ամենածերացողները:
«Պատճառները տարբեր են` ծնելիության թվի նվազում, կյանքի տևողության կրճատում: 2050թ. աշխարհում բնակչության շրջանում ավելի շատ ծերեր կլինեն քան մինչև 15 տարեկան երեխաներ»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը ներկայացնելով տարեցների հանդեպ պետական վերաբերմունքը, նշեց, որ վերջին տարիներին դա ուղղված է եղել հիմնականում միայնակ տարեցներին: Այսօր Հայաստանում միայնակ տարեցների թիվը հասնում է 14 հազարի:
«Այս տարի օգոստոսի 2-ին կառավարությունը հավանություն է տվել բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2012-2016թթ. Գործողության ծրագրին: Այսօր Հայաստանը չունի ծերաբուժության և ծերաբանության մասնագիտական կենտրոններ: Բացի տնային սոցիալական ծառայություններից, նախատեսված են նաև մի շարք այլընտրանքային ծառայություններ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Ցերեկային կենտրոններ, ակումբեր ոչ միայն անապահով, այլև բոլոր տարեցների համար»,-ասաց Ջեմմա Բաղդասարյանը:
Տիկին Բաղդասարյանը նշեց նաև, որ կառավարությունը քայլեր է անում բարձրացնել կենսաթոշակները: Միջին կենսաթոշակը Հայաստանում կազմում է 31 հազար դրամ: Մեր երկրում կենսաթոշակային տարիքը թե տղամարդկանց համար , թե կանանց` 63-ն է: