Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում գիտարշավ է անցկացվում

Հասարակություն
0070efa0ad17cfd396987f495028dade

Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի նախաձեռնող-կազմակերպիչներ՝ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի պատվիրակության և Տուրիզմի հայկական ինստիտուտի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Սահակյանը նշել է, որ գիտաժողովի նպատակն է Հայաստանում ի հայտ բերել զբոսաշրջային նոր ռեսուրսներ և որպես ապրանք ներկայացնել արտաքին շուկաներ: Ռեկտորը հավելել է նաև, որ Երևանը ակնհայտ բարեփոխվել է և տեսանելի են հատկապես կոլորիտային քաղաք ստեղծելուն ուղղված աշխատանքները:

Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Յուրի Լագուսեվը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության, ինչպես նաև գիտարշավի նախաձեռնության աջակիցը լինելու համար և լիազորված լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Տարոն Մարգարյանին պարգևատրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ՌՏՄԱ-ի Պատվո նշանով՝ զբոսաշրջային ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար:
ՌՏՄԱ-ի ռեկտորը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել Մոսկվայի կառավարության Զբոսաշրջության և հյուրանոցային տնտեսության կոմիտեի նախագահ Ս. Պ. Շպիլկոյի շնորհակալական ուղերձը:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի վերաբերյալ մենագրություն է հրատարակվելու, որը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի աշխարհագրական ընկերություններին:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։