Կենսաթոշակը կլինի աշխատավարձի չափով
2013թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործի «Եկամտային հարկի մասին» նոր օրենքը։
Ֆինանսների և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, Պետական եկամուտների կոմիտեն, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն/ ԿՀԻԿ/ հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի հետ համատեղ սեպտեմբերի 29-ին և 30-ին Աղվերանում հաշվապահների համար կազմակերպել էին կլոր սեղան- քննարկում, որի ժամանակ ներկայացվեցին Եկամտային հարկի և Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում սպասվելիք փոփոխությունները։
«Եկամտային հարկի ներդրման արդյունքում հիմնական սկզբունքն այն է, որ քաղաքացիների փաստացի տնօրինվող եկամուտը 2013թ.-ից չի նվազելու։ Սա նշանակում է, որ քաղաքացիներն այս նոր համակարգում իրենց մաշկի վրա փոփոխություն չեն զգալու»,- ասաց «Կենսաթոշակային համակարգի իրազեկման Կենտրոն» (ԿՀԻԿ) տնօրեն Արտակ Ղազարյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը համոզված է՝ տեղին չեն որոշ գործատուների և փորձագետների այն մտահոգությունները, թե Եկամտային համակարգի մասին օրենքի պատճառով շատ աշխատողների չեն գրանցի կամ կթաքցվեն նրանց իրական աշխատավարձերը։ Մենք ավելի պարզեցնում ենք համակարգը, մեր կարծիքով դա ավելի նպաստելու է, որ ձեր ասած նեգատիվ երևույթները չլինեն»,- հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Աշխատողն այսօր վճարում է եկամտահարկ և 3% սոցվճար, իսկ նոր օրենքը ենթադրում է մեկ վճար՝ միասնական եկամտային հարկ։ Նոր օրենքը պարտադրում է գործատուներին մինչև 2013թ.-ը բոլոր աշխատողների աշխատավարձերը բարձրացնել, որպեսզի ապահովեն իրենց աշխատակիցների տնօրինող եկամտի պահպանումը։
«Գործատուները որպեսզի այդ մեխանիզմը պահպանեն, նվազագույնը 750 և առավելագույնը 2800 դրամի չափով ծախս են կատարելու»,- ասաց Արտակ Ղազարյանը։ Հունվարի 1-ից գործատուն իր հաշվետվությունները հարկային մարմիններին ներկայացնելու է էլեկտրոնային տարբերակով։
«Գործատուն ներկայումս թղթային կրիչով հաշվետվություն ներկայացնելիս, հարկային մարմիններ գնալիս, հաշվապահական որոշակի գործառույթներ իրականացնելիս կատարում է որոշակի ծախսեր։ Խոսքը այդ ծախսերի տեղափոխության մասին է»,- բացատրում է ԿՀԻԿ հիմնադրամի տնօրենը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համոզված է՝ նոր համակարգը թույլ է տալու քաղաքացուն ստանալ այնքան կենսաթոշակ, որքան որ եղել է իր աշխատանքից ստացված եկամուտը։ «Պատասխանատվության առումով ոչ միայն պետական մարմինները, այլև քաղաքացիներն իրենք են որոշելու իրենց վաղվա բարեկեցիկ ծերությունը կամ սոցիալական ապահովությունը»,- ասաց նախարարը։