Աշոտյանի «սիրածը» երեխաների համար չէր
«Դարձ առ գիրք» փառատոնի շրջանակներում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Խնկո Ապոր գրադարան ներկայացավ սիրո մեծ երգիչ Օմար Խայամի գիրքը ձեռքին: Իսկ երբ պարզեց, որ այն պետք է ընթերցի 4-րդ դասարանցիների համար, ծալեց այն. «2 տարի հետո ես այն կընթերցեմ ձեզ համար, երբ ձեր կյանքում արդեն շատ բան տեսած և հասկացած կլինեք»,- երեխաներին ասաց նախարարը: Սիրո մեծ երգչի թեման փակելով` Արմեն Աշոտյանը բացեց Մանկական Աստվածաշունչն ու սկսեց ընթերցել:
Ընթերցանությունից հետո նախարարն անցավ ավելի մտերմիկ զրույցի: Երեխաներին հատկապես ոգևորեց նախարարի` «Ունե՞ք չսիրած ուսուցիչ» հարցը: «Այո»,- բղավեցին երեխաները։
Ի դեպ, Արմեն Աշոտյանը քաղաքական գործիչներից առաջինն էր, ով գիրք ընթերցեց երեխաների համար: Մինչ այդ Խնկո Ապոր գրադարանում երեխաների համար ընթերցել էին Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ:
«Մենք այսօր սկիզբ դրեցինք ընթերցանության մշակույթին: Հուսով ենք, որ Ձեր կոլեգաները կշարունակեն այս ավանդույթը»,- ԿԳՆ նախարարին դիմելով` ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ լրագրողներն այսօր ակնկալում էին, որ Արմեն Աշոտյանը երեխաների համար կընթերցի հենց իր ստեղծագործությունները: «Կարծում եմ` հատկապես տարիքային այս խմբի համար իմ ստեղծագործություններն ընթերցելը դեռ շատ վաղ է»,- ասաց նախարարը: