Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանք այդպես էլ չեն գտել

Հասարակություն
b284d0a473102721bbac56b62844327c

Սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը նվազել է շուրջ 12 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Այսպիսի վիճակագրություն այսօր ներկայացրեց «Զբաղվածության պետական ծառայության» պետ Սոնա Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ աշխատանք փնտրողների թվի նվազումը դեռ չի նշանակում, որ ավելացել են աշխատանք ունեցող քաղաքացիները։ «Աշխատանքային միգրացիայի են մեկնել ոչ միայն նրանք, ովքեր աշխատանք չունեն, այլ նաև նրանք, ովքեր ունենք աշխատանք, բայց ցածր են վարձատրվում»,- ասաց «Զբաղվածության պետական ծառայության» պետը։

«Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի պատճառով չի ավելանա գործազուրկների թիվը, «Զբաղվածության պետական ծառայության» պետը պատասխանեց. «Ես այնքան միանիտ չեմ, որ երաշխավորեմ մնան բան։ Պարզապես կարծում եմ, որ պետք է այնպես անել, որ թաքնված զբաղվածների կամ գործազուրկների քանակը չաճի»։

«Զբաղվածության պետական ծառայության» կողմից հաշվառված աշխատանք չունեցող քաղաքացիների շուրջ 71 %-ը, որը համապատասխանաբար կազմում է 46 000 մարդ, կանայք են։ Ըստ Սոնա Հարությունյանի՝ սա աշխատաշուկայի գերխնդիրներից մեկն է։ «Գրեթե բոլոր թափուր տեղերն ավանդաբար լրացվել են տղամարդկանց կողմից։ Կամ պետք է կանայք վերապատրաստվեն, որպեսզի կարողանան լրացնել այդ թափուր տեղերը, կամ նրանց համար ստեղծվեն նոր աշխատատեղեր»,-ասաց «Զբաղվածության պետական ծառայության» պետը։

Աշխատաշուկայում մեծ խնդիր ունեն նաև հաշմանդամները։ Այստեղ նրանք մրցակցությունից դուրս են։ «Վեներա» կադրային կենտրոնի տնօրեն Արուսյակ Աբաջյանն ասում է, որ իրենց կենտրոնը հաշմանդամներին նույնիսկ չի էլ հաշվառում աշխատանք փնտրողների ցանկում։ «Երեք տարի է, ինչ մենք աշխատում են, և դեռ ոչ մի գործատու մեզանից հաշմանդամ աշխատող չի ուզել։ Մենք չենք գրանցել իրենց մեր բազայում, քանի որ պահանջ չի եղել»,- ասաց կենտրոնի տնօրենը։

Ի տարբերություն մասնավոր այս կառույցի՝ «Զբաղվածության պետական ծառայությունը» 2006թ.-ից իրականացնում է ծրագիր, ըստ որի, եթե գործատուներն աշխատանքի ընդունեն հաշմանդամի, ապա ծառայությունը կվճարի նրա աշխատավարձի 50 %-ը։ «Բայց դա կլինի ոչ ավելին, քան նվազագույն աշխատավարձը»,- ասաց Սոնա Հարությունյանը։

Ի դեպ «Զբաղվածության պետական ծառայության» վիճակագրական տվյալներով և՛ գործազուրկների, և՛ զբաղվածների թվով առաջատարը Երևանն է։ Սակայն մարզերը մայրաքաղաքից շատ հետ չեն մնում։ «Գործազրկության մակարդակը միջինից բարձր է նաև Լոռիում, Տավուշում և Սյունիքում»,- ասաց Սոնա Հարությունյանը։