Stop «մատակարարված» մեղադրյալներին
Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ժամանակ քննարկվել են հետաքննության, նախաքննության, ինչպես նաեւ՝ դատախազական հսկողության իրականացման ընթացքում թույլ տրված թերացումներն ու խախտումները, դրանց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դրսեւորումները։ Ըստ գլխավոր դատախազության մամլո ծառայության՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներն ըստ համակարգման ոլորտների ներկայացրեցին հետաքննության, նախաքննության, դատարաններում մեղադրանքի պաշտպանության ընթացքում արձանագրված թերություններն ու խախտումները, որակն ու հիմնախնդիրները՝ հանդես գալով դրանք վերացնելու ուղղությամբ կոնկրետ առաջարկություններով:
«Դատախազները պետք է գիտակցեն, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են դրվելու մեղադրանքի հիմքում, որը պաշտպանելու են դատարանում: Եւ պետք է հետամուտ լինեն, որ ապացույցները ձեռք բերվեն օրենքով սահմանված կարգով, քանզի միայն այդ դեպքում դա կլինի համոզիչ հասարակության համար, իսկ առանց հասարակության վստահության հնարավոր չէ արդյունավետ պայքարել հանցավորության դեմ»,- ընդգծել է գլխավոր դատախազը:
Ա.Հովսեփյանը նախազգուշացրեց, որ քրեական գործի նյութերը խեղաթյուրելու, քրեական գործը փակուղի մտցնելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա: Չի հանդուրժվելու քրեական գործի նյութերի խեղաթյուրման որեւէ դեպք, պետք է բացառել «մատակարարված» մեղադրյալների երեւույթը, իսկ արձանագրվելու դեպքում քրեական գործեր կհարուցվեն թե՛ հետաքննիչի, թե՛ քննիչի, թե՛ դատախազների նկատմամբ՝ քննությունը հանձնարարելով հատուկ քննչական ծառայությանը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը, ով նաեւ ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահն է, կարեւորեց նախկինից դասեր չքաղած, համապատասխան հետևությունների չհանգած, ծառայողական պարտականությունները պարբերաբար խախտող աշխատակիցների նկատմամբ անհանդուրժողականությունը: «Անհրաժեշտ է ազատվել նման անձանցից և համակարգը համալրել այնպիսի կադրերով, որոնք իրենց գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով կնպաստեն դատախազական գործունեության արդյունավետության բարձրացմանը, կլինեն օրինապահ, արդարամիտ, կարգապահ, զուսպ, անկեղծ, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ և դրանց արդյունքում կնպաստեն դատախազության նկատմամբ հանրության վստահության աճինե,- նշեց Ա.Թամազյանը:
Գլխավոր դատախազը հանձնարարեց որակավորման հանձնաժողովին խստացնել պահանջները: «Դատախազի կերպարը վարկաբեկող անձինք չպետք է աշխատեն համակարգում,- ասաց Ա.Հովսեփյանը՝ կարեւորելով ոչ միայն մասնագիտական ունակություններն ու գիտելիքները, այլ նաեւ բարոյական նկարագիրը: Իսկ տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազները զգուշացվեցին, որ պատասխանատվության կենթարկվեն՝ ենթակաների վերաբերյալ սուբյեկտիվ գնահատագրեր ներկայացնելու համար»:
Գլխավոր դատախազը հանձնարարեց հայտնաբերված բացթողումների, խախտումների կապակցությամբ հարուցել կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում խախտումներ թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության: