Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)

Հասարակություն
836518b5258695a74a54dc65f1ecf104

Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված 15 զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Երեկ ավտովթարից հետո Վարդենիսի հոսպիտալ տեղափոխվածները Երեւանում են։

«Հիվանդների տեղափոխումը տեղի է ունեցել 3 փուլով՝ սկսվել է երեկվանից և ավարտվեց քիչ առաջ»,- այսօր զինվորական հոսպիտալում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի ներովիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյանը։

Հոսպիտալ տեղափոխված զինծառայողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, սակայն բոլորի մոտ առկա է գանգուղեղային տրավմա։ «Հիվանդներից ամենածանրը գնահատվում է Արթուր Եղիազարյանի վիճակը, որի մոտ առկա է կրծքային 6-րդ ողի կոտրվածք։ Կատարվել է կոտրված ողի վիրահատություն»,- ասաց Արման Հակոբյանը։

Ինչպես նշեց հոսպիտալի բժիշկը՝ այս պահին վերակենդանացման բաժանմունքում են գտնվում 15 զինծառայողներից 5-ը։

«Հիվանդները հոսպիտալում կմնան 1 շաբաթից մինչև 1 ամիս»,- ասաց հոսպիտալի ներովիրաբուժական բաժանմունքի պետ Արման Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ երեկ գիշերը վթարի է ենթարկվել «Ուրալ» մակնիշի մեքենան, որի թափքում եղած պայմանագրային զինծառայողներից 4-ը մահացել են, իսկ 15 զինծառայող տեղափոխվել էր Վարդենիսի հոսպիտալ։

ԼՂՀ Պաշտպանական բանակից «Ա1+»-ին հայտնեցին, որ ըստ նախնական վարկածի Քարվաճատի տարածքում պայմանագրային զինծառայողների տեղափոխող «Ուրալ» մակնիշի մեքենայի վթարի պատճառը տեխնիկական է, ինչպես նաև պատճառ է դարձել ճանապարհի փլուզումը։

Ըստ նախնական տվյալների՝ մեքենան հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից։

Վարորդը փորձել է լայն շրջանցում կատարել, որի ժամանակ մեքենան գլորվել է մոտ 2800 մետր խորությամբ Հարուրի ձորը։